Միայնակ մայրերի խնդիրը շատ զգայուն և կարևոր թեմա է՝ այն ոչ միայն անձի, այլև պետության խնդիրն է: Միայնակ մայրերն ի սկզբանե ավելի խոցելի են, ավելի խոցելի են նաև նրանց երեխաները: Սա կարելի է ընդունել որպես արդարության և սեփական իրավունքների պաշտպանության հարց, և հատկանշական է այն, որ բնածին՝ էմոցիոնալ, խնդիրներից զատ, կան մի շարք արհեստածին խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են իրավական խնդիրների շտկումներ: Չնայած կարծրատիպերին, միայնակ մայրերի թիվը գնալով աճում է, և սա նույնպես ազդակ է, որ հնարավորինս պետք է բարձրաձայնվեն առկա խնդիրները: Խնդրի նրբությունները հասկանալու համար զրուցեցինք միայնակ մոր հետ, որը ոչ թե ամուսնալուծված է կամ այրի, այլ հղիության ընթացքից միայնակ է:

Ծննդաբերությունից հետո առաջի խնդիրները որո՞նք են, որոնց բախվում են միայնակ մայրերը:

Միայնակ մոր իմ կարգավիճակը մի քիչ տարբերվում է մյուս միայնակ մայրերի կարգավիճակից. մեր երկրում կարգավիճակը հստակ չէ, որովհետև, երբ միայնակ մայր են ասում, հիմնականում պատկերացնում են երկու կարգավիճակ՝ ամուսնալուծված մայր և այրի, սակայն կան միայնակ մայրեր, որոնք հղիության ընթացքից միայնակ են: Սրանք տարբեր կարգավիճակներ են, և այդ կարգավիճակները հստակեցված չեն իրավական տեսանկյունից, որովհետև ծնողազուրկ երեխայի դեպքում աջակցություն ստանում է ոչ թե միայնակ մայրը, այլ երեխան՝ ելնելով իր կարգավիճակից, իսկ ամուսնալուծվածի դեպքում մի քիչ այլ է, որպես այդպիսին՝ կարգավիճակ կրկին չունեն: Ես, սակայն, կխոսեմ այն դեպքից, երբ հղիության ընթացքից մայրը միայնակ է, այստեղ արդեն հանդիպում ենք տարբեր խնդիրների: Ծննդատանը, երբ երեխան ծնվում է, ծննդյան վկայականը վերցնելու համար պետք է անպայման մոտենալ ՔԿԱԳ և դա պետք է անի պարտադիր ծնողներից որևէ մեկը: Օրենքում և կարգերում որևէ ձևով կարգավորված չէ, թե ինչ պետք է անի այն մայրը, որի ամուսինը, անկախ կարգավիճակից, այդ պահին, օրինակ, երկրում չէ: Այս դեպքում գործընթացը պետք է կարգավորի մայրը՝ ծննդկանը: Իրականում, այո, հայրը կարող է գնալ, բայց կան օրինակներ, երբ հայրը գուցե այդ պահին բացակայում է, և գործընթացը ստպված անում է ծննդկանը և ստացվում է, որ ծննդատանը պայմանով ես շենքից դուրս գալիս: Այսինքն՝ քեզ դուրս չեն գրում, քանի որ երեխային դուրս չեն գրում առանց ծննդյան վկայականի, և դու ստիպված ապավինում ես բժիշկների կամ բուժքույրերի բարեհաճությանը, որ երեխային պայմանով դուրս գրեն, հետո վերադառնաս և ՔԿԱԳ-ում խնդիրները լուծես: Ես ինքս բազմիցս առաջարկել եմ, որ պետք է մեկ պատուհանի սկզբունք մտցնել ծննդատներում, քանի որ տարբեր մարդիկ տարբեր իրավիճակներում են և տարբեր կարգավիճակներ ունեն:

Ինչպե՞ս եք հաղթահարել հասարակության կարծրատիպային խնդիրները։

Հասարակության հետ կապված խնդիրները ամփոփեմ մի նախադասությամբ. եթե որոշումդ գիտակցված է, և դու կայացած անհատ ես, քեզ գոնե առերես չեն մեղադրի, քո ներկայությամբ չեն կշտամբի: Շատ կարևոր է, թե դու ոնց կներկայացնես քո կարգավիճակը, եթե դու այն վախվորած ես մատուցում, բնականաբար, ինչքան թույլ է լինում մարդը, այնքան նրան հեշտ են թիրախավորում: Երբ որևէ կին մտնում է ծննդատուն և գրանցվում է հղիություն վարելու համար, այդ պահից սկսած՝ առաջի հարցը, սովորաբար, որ գրանցման պահին տալիս են, ամուսնուդ անուն-ազգանունն է, և երբ կարգավիճակդ պարզ է դառնում, միանգամից ծննդատնից պետք է ազդակներ գնան համապատասխան կառույցներ, որ մենք ունենք հաշվառված մեկին, որը միայնակ մայր է լինելու և այստեղ անհրաժեշտ է հոգեբանական օգնություն, քանի որ հետծննդաբերական սթրեսը կարող է ստիպել ծնողին մի դեպքում հրաժարվել երեխայից, մյուս դեպքում նույնիսկ ինքնասպան լինել: Շատ տարբեր պատմություններ կան: Աջակցությունը միայն փողի տեսքով շատ զավեշտալի է:

Կա՞ն սոցիալական աջակցություններ, որոնք հատկացվում են միայնակ մորը՝ իր կարգավիճակից ելնելով։

Միայնակ մայր հասկացությունը սոցիալական աջակցությունների դեպքում աշխատում է միայն այն դեպքում, երբ սոցիալապես անապահով ես, չես աշխատում, երեխան քո հոգածության ներքո է: Կորոնավիրուսով պայմանավորված սոցիալական աջակցությունների ժամանակ կար նաև միայնակ մայրերի համար նախատեսված աջակցություն, որտեղ օրինակ՝ ամուսնալուծված կանայք հիմնականում խնդիր ունեցան, քանի որ դաշտում երեխաների տվյալները լրացնելիս հայրը երևում է, այսինքն՝ ամուսնալուծության կարգավիճակը միայն անձնագրում կնիքով է երևում: Միայնակ մայր եզրույթը պետք է օրենքներում հայտնվի և հստակեցվի, որ աջակցություններն էլ տարբերվեն, և այդ մարդիկ, այո, պետք է պետության ուշադրության կենտրոնում լինեն:

Թեմայի շուրջ զրուցեցինք ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարուխանյանի հետ:

«Հատուկ կարգավիճակը պետք է, որպեսզի օրենքով պաշտպանված լինի միայանկ մայրը: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ պատերազմը, մեր կորուստներն ու ծնելիության խթանումը, հատուկ կարգավիճակ տալով՝ ավելի անկաշկանդ կլինեն միայնակ մայրերը, և այն կայացած կանայք, որոնք չեն ցանկանա ամուսնանալ, բայց երեխա են ուզում ունենալ, ավելի ռիսկով կգնան այդ քայլին»,- նշեց պատգամավորը:

«Գումարային աջակցման ծրագրեր պետք է մշակվեն պարտադիր կերպով, քանի որ միայնակ մայրեր կան, որ չեն աշխատում, իսկ պետությունը պարտավոր է սոցիալական աջակցման ծրագրեր մշակել, որպեսզի չաշխատող միայնակ մոր երեխան խնդիր չունենա: Այսինքն՝ նորից նույն տրամաբանությամբ՝ պետությունը պետք է խթանի ծնելիությանը»,- ամփոփեց իր խոսքը պրն Սարուխանյանը:

Հաշվի առնելով խնդիրների խորհությունը, բազմաշերտությունը՝ հարցը պետք է պահել ուշադրության կենտրոնում: Հաջորդ հոդվածում կանդրադառնանք նախկինում քննարկված, ընդունված կամ մոտ ապագայում ընդունվող օրենքներին:

 

Հեղինակ՝ Ալինա Դավթյան

 

2227