Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական միությունը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ՝ Սև ծովի վերաբերյալ նոր ռազմավարության և տրանսպորտային ու էներգետիկ կապերի զարգացման շրջանակում։
Այս մասին հայտարարել է Մարթա Կոսը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ։
Նրա խոսքով՝ նոր ռազմավարության առանցքային տարրերից մեկը փոխկապակցվածության օրակարգն է, որն ուղղված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը։
«Այսօր մենք տեսնում ենք, թե որքան կարևոր և ճիշտ որոշում էր Եվրոպական հանձնաժողովի՝ Սև ծովի վերաբերյալ նոր ռազմավարության ընդունումը, որի բաղադրիչներից մեկը փոխկապակցվածության օրակարգն է։ Դրա միջոցով մենք զարգացնում ենք համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ ավելի լավ կապելու համար»,- նշել է Կոսը։
Նա ընդգծել է, որ խոսքը նախևառաջ առևտրի և էներգետիկ երթուղիների զարգացման մասին է։ Կոսը հավելել է, որ նախարարները նիստի ընթացքում կքննարկեն Հարավային Կովկասի երկրների հետ փոխգործակցության խորացման հետագա քայլերը։
«Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես ավելի արդյունավետ փոխգործակցել Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որտեղ արդեն ունենք կոնկրետ նախագծեր, որոնց իրականացումը կարելի է սկսել»,- ընդգծել է նա։