Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի առաջատար ավիափոխադրող Lufthansa-ն 2026 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր կչեղարկի 20,000 չվերթ՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի պայմաններում ավիացիոն վառելիքը խնայելու համար։

Այս մասին, Deutsche Welle-ի փոխանցմամբ, ավիաընկերությունը ապրիլի 21-ին` երեքշաբթի օրը, մամուլի հաղորդագրություն է տարածել։

Lufthansa-ի ներկայացուցիչները, գնահատկանով այս չվերթերի չեղարկումը, ասել են, որ այն թույլ կտա խնայել ավելի քան 40,000 տոննա վառելիք։ Այնուամենայնիվ, ավիաընկերության արդյունավետությունը, որը չափվում է հասանելի ուղևորային կիլոմետրերով (այս ցուցանիշը հավասար է հասանելի նստատեղերի քանակի և տրանսպորտային միջոցի անցած կիլոմետրերի բազմապատկմանը), կնվազի մեկ տոկոսային կետից էլ պակաս։

Ընկերությունը նշում է, որ այս արդյունքը հնարավոր կլինի ապահովել՝ Ֆրանկֆուրտից և Մյունխենից իրականացվող կարճ հեռավորության անշահավետ երթուղիները կրճատելու և միաժամանակ Ցյուրիխից, Վիեննայից ու Բրյուսելից չվերթերն ընդլայնելու շնորհիվ։ Փոփոխությունները կազդեն նաև ընկերության՝ Հռոմում գտնվող վեցերորդ հանգույցի վրա։

Lufthansa-ն խոստացել է ապրիլի վերջին հրապարակել հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում չեղարկվող չվերթերի ամբողջական ցանկը։ Սակայն արդեն իրականացվում են մինչև մայիսի 31-ը նախատեսված որոշ չվերթերի չեղարկումներ։ Մասնավորապես, ապրիլի 20-ին ընկերությունը չեղարկել է օրական առաջին 120 չվերթը։

Այդ թվում ժամանակավորապես դադարեցվել են Մայնի Ֆրանկֆուրտից դեպի Լեհաստանի Բիդգոշչ և Ժեշով, ինչպես նաև Նորվեգիայի Ստավանգեր ուղղություններով թռիչքները։

Մեկ շաբաթ առաջ Lufthansa-ն վաղաժամկետ դադարեցրել է CityLine-ի բոլոր 27 ինքնաթիռների շահագործումը

Ապրիլի 16-ին Lufthansa-ն հայտարարեց, որ շահագործումից վաղաժամ դուրս է բերում CityLine-ի՝ «իր տեխնիկական հնարավորությունների սահմանին մոտեցող» Canadair CRJ տեսակի բոլոր 27 ինքնաթիռները։ Այս որոշումը պայմանավորված է ծախսերի աճով՝ հատկապես ավիացիոն վառելիքի թանկացմամբ պատերազմի ֆոնին, ինչպես նաև աշխատանքային վեճերով։

Նույն ժամանակ Lufthansa-ն հայտարարեց, որ մինչև հոկտեմբեր կդադարեցնի նաև չորս Airbus A340-600 և երկու Boeing 747-400 ինքնաթիռների շահագործումը, որոնք իրականացնում են հեռահար թռիչքներ։ Իսկ ձմռանը ավիաընկերությունը նախատեսում է նվազեցնել հիմնական բրենդի հասանելի ուղևորային կիլոմետրերի ծավալը։

Չվերթեր չեղարկում են նաև այլ ավիաընկերություններ

Lufthansa-ն միակ ավիաընկերությունը չէ, որը ստիպված է եղել նման քայլերի դիմել Մերձավոր Արևելքում անկայունության և էներգակիրների գների աճի պատճառով։ Այսպես, SAS Scandinavian Airlines-ը, որի կենտրոնակայանը Ստոկհոլմում է, ապրիլին կչեղարկի մոտ հազար չվերթ, իսկ Air France-KLM-ը բարձրացրել է հավելավճարը մինչև 100 եվրո՝ այդ թվում արդեն վաճառված չվերթերի տոմսերի համար։

Սպասվում է, որ Եվրոպական հանձնաժողովը ապրիլի 22-ին կներկայացնի Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի լուծման ծրագիր։

365