Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

 

Օրերս մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան ներմուծվել է առաքանի, որը հնարավոր է՝ պարունակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկություններն իրացվել են ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ: Արդյունքում` առաքանին ստանալուց հետո, Երևանի Հրաչյա Քոչար փողոցից մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի: Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են գանգի պատկերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի 1  մասնատված և 46 ամբողջական հաբեր:

 

Նույնանման 19 հաբ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ներմուծված մեկ այլ առաքանուց, որը թիրախավորվել էր մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում:

 

Երկու դեպքերով՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն: Կատարվում է քննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

188