Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը և Amazon Web Services-ն ընդլայնում են համագործակցությունն արհեստական բանականության և հեռահաղորդացկության տեխնոլոգիաների ոլորտներում: 

Փետրվարի 11-ին  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովի և Միացյալ Նահանգների փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում հանդիպում էր ունեցել Amazon Web Services (AWS) ընկերության պատվիրակության, մասնավորապես, Հանրային քաղաքականության միջերկրածովյան, կենտրոնական-արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Ֆրանկո Սպիցիարելլոյի և հանրային քաղաքականության, միջազգային հարաբերությունների ղեկավար Սարգիս Ղազարյանի հետ։

Հանդիպման առանցքային թեմաներից էր Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շարունակական զարգացումը, որտեղ AWS-ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր՝ տրամադրելով ամպային տեխնոլոգիաների լուծումներ, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կարողությունների զարգացման գործիքակազմ։ Ինստիտուտը դիտարկվում է որպես կիրառական հետազոտությունների, աշխատուժի զարգացման և նորարարության հարթակ՝ արհեստական բանականության հետ առնչվող ուղղություններով՝ համապատասխան միջազգային չափանիշներին և շուկայի փոփոխվող պահանջներին։

Քննարկվել են նաև արբանյակային հաղորդակցությունների և տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները` ամպային հարթակների կիրառումն անվտանգ կապի, տվյալների մշակման և առաջատար հաշվողական լուծումների (edge computing solutions) ապահովման համատեքստում։ Այս ուղղությունները կարևորվել են որպես խելացի ենթակառուցվածքների, առաջատար արտադրության, հեռավար ծառայությունների և ազգային թվային դիմակայունության ձևավորման առանցքային բաղադրիչներ։

Իր խոսքում նախարար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանը համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործընկերությունը դիտարկում է որպես մրցունակ և նորարարությամբ առաջնորդվող տնտեսություն կառուցելու ռազմավարական հիմք։ Արհեստական բանականության, արբանյակային տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը գնահատվել է որպես բարձր ավելացված արժեք ստեղծող արդյունաբերությունների զարգացման և Հայաստանը զարգացող տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի վերածելու կարևոր գործոն։

AWS-ի պատվիրակությունը վերահաստատել է ընկերության երկարաժամկետ համագործակցության հանձնառությունը Հայաստանի հետ՝ ընդգծելով պետական-մասնավոր գործընկերության նշանակությունը նորարարությունների արագացման, տաղանդների զարգացման և մասշտաբավորվող, անվտանգ տեխնոլոգիական լուծումների ներդրման գործում։

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովում բարձրացված նախաձեռնությունների գործնական առաջմղման հարցերը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության հետագա քայլերի շուրջ՝ առաջատար տեխնոլոգիաների ներդրման և Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։

276