Անկախ նրանից հեղափոխության ճամբարից են, թե ոչ՝ իրենց, հանցանքի համար պիտի պատասխան տան: Այսօր ասուլիսում, ի պատասխան Araratnews.am-ի հարցին, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը: 

Հարցը վերաբերում էր մեղադրող դատախազի՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին բանտարկելուն երկար տարիներով, իսկ մեկին էլ՝ ցմահ: 

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին մասին դատախազի մեղադրանքին, օրենսդիր մարմնի անդամը չցանկացավ հստակ գնահատական տալ: Բայց մի բան ակնհայտ է՝ տեղի է ունեցել  պետական կառույցի գրավում, եղել է զինված խմբի կողմից, որի պատճառով մահացել են ոստիկաններ: «Եթե մեղադրող դատախազը որոշում է կայացրել, ենթադրում եմ՝ որոշակի ապացույցների հիման վրա»,- կարծում է օրենսդիր մարմնի անդամը: 

Մեր հիշեցմանը, թե Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը գրել էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարությանը կարելի է  անդրադառնալ, երբ նախկին իշխանավորները՝ Սերժ Սարգսյանից սկսած, պատասխանատվության կենթարկվեն,   Գեւորգ Պապոյանը կարծում է ՝ ցանկալի չէ, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների գնահատական հնչեցնի, երբ դատարանը պիտի գնահատի դատախազի մեղադրանքը, որոշում ընդունի:  «Ես հավատում եմ մեր արդարադատությանը:  Սպասենք՝ տեսնենք: Այս փուլում քաղաքական իշխանության գնահատականը կարող է դիտարկվել որպես ճնշում»,-  ավարտեց իր խոսքը Գեւորգ Պապոյանը: 

Սոնա Դավթյան

196