ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 19-ի դատական նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած զրույցի մասին տարածված տեղեկությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

«Yerevan today» լրատվական կայքը, վկայակոչելով «Dejavu» տելեգրամյան ալիքին ու վերջինիս՝ «դատախազությանը մոտ կանգնած աղբյուրին», մտացածին հերյուրանքներ է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի, իբր, հոգեվիճակի և դրանով պայմանավորված՝ նրա ու ՀՀ գլխավոր դատախազի, այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ վարչապետի միջև, իբր, կայացած զրույցի վերաբերյալ, ինչը տարածվել է նաև այլ լրատվամիջոցներով:

Հրապարակման բովանդակությունը հեքիաթասացության չհաջողված փորձ է, հակառակ դեպքում «տեղեկատվության սեփական աղբյուրը» չպետք է զլանար նաև նշելու թե ով կամ ովքեր են ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում իբրև թե կայացած դրամատիկ առանձնազրույցը սղագրողները:

Այս առումով դժվար չէ հասկանալ, թե ինչու է ոմանց հետաքրքրում միայն փող ուզելու, գրդոն անելու երևույթը՝ այդ չափանիշով այլոց մասին դատողություններ անելու համար։ Սահմանափակվում ենք ընդամենը արձանագրելով, որ ակնհայտ կազմակերպված այս անորակ կեղծիքը նախորդ օրը դատական նիստերի դահլիճում իրականացված սադրանքի, գործով մեղադրողների նկատմամբ վերջին շրջանում ակտիվացած քարոզչական, բարոյահոգեբանական անպտուղ ճնշումների գործադրման տրամաբանական, բայց անթույլատրելի շարունակությունն է:

Իսկ դատական նիստի կապակցությամբ գլխավոր դատախազի տեղակալի հոգեվիճակի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար խորհուրդ է տրվում նորից, ցանկալի է՝ մի քանի անգամ, դիտել միջադեպի տեսանյութը»,- նշված է հաղորդագրության մեջ:

20 Հունվար, 2021 19:05
270
; ;