Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տարիքի հետ մարդու օրգանիզմում, այդ թվում՝ հիշողության համակարգում, որոշակի փոփոխություններն օրինաչափ են: Սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ դեմենցիան ծերացման բնականոն ընթացք չէ: Այն գլխուղեղի վնասման հետևանքով առաջացող ախտանիշների համախումբ է, որն էականորեն խաթարում է մարդու կենսագործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Հիվանդության վաղ հայտնաբերման համար կարևոր է ճանաչել տարիքային սովորական փոփոխությունների և դեմենցիայի ախտանշանների հիմնական տարբերությունները.

 

Տարիքային բնականոն փոփոխություններ

  • Մարդը երբեմն կարող է մոռանալ, թե ուր է դրել կենցաղային իրերը (օրինակ՝ բանալիները):
  • Դժվարանում է անմիջապես մտաբերել որևէ բառ, սակայն հիշում է այն որոշ ժամանակ անց:
  • Կարող է մոռանալ հեռու ծանոթի անունը կամ վերջին շրջանի աննշան դեպքերը:
  • Այս փոփոխությունները չեն խաթարում մարդու ինքնուրույնությունը և առօրյա կյանքը:

Դեմենցիայի հնարավոր ախտանշաններ

  • Հիշողության զգալի կորուստ՝ մտերիմների անունները կամ սեփական կյանքի կարևոր, անցյալի հուշերը մոռանալը:
  • Խոսքի խանգարումներ՝ սովորական առարկաներն անվանելու համար անսովոր կամ սխալ բառերի օգտագործում:
  • Կողմնորոշման կորուստ՝ նույնիսկ ծանոթ թաղամասերում կամ վայրերում մոլորվելը:
  • Տեսողական և տարածական ընկալման խնդիրներ՝ առարկաների ճանաչման կամ հեռավորության գնահատման բարդություններ:
  • Կենցաղային անկարողություն՝ տարրական գործողությունները (օրինակ՝ խանութում դրամական հաշվարկներ կատարելը) ինքնուրույն ավարտին հասցնելու դժվարությունը:

Ինչո՞ւ է սա կարևոր իմանալ

 

Հիվանդության սկզբնական փուլում ախտանիշները կարող են լինել թույլ արտահայտված՝ դրսևորվելով որպես թեթև ճանաչողական խանգարում։ Այս պատճառով, անձն ինքը հաճախ կարող է չգիտակցել կատարվող փոփոխությունները, և շրջապատի ու հարազատների ուշադրությունն ու արձագանքն այստեղ վճռորոշ դեր ունեն:

 

Վաղ և ճշգրիտ ախտորոշումը հնարավորություն է տալիս դանդաղեցնել հիվանդության առաջընթացը, մեղմել ախտանիշները և ժամանակին պլանավորել անհրաժեշտ խնամքն ու բժշկական աջակցությունը

 

65