Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երբ առաջանում է արտակարգ իրավիճակ, կարևոր է ոչ միայն պրոֆեսիոնալ փրկարարական ուժերի արագ արձագանքը, այլև պատրաստված և կազմակերպված համայնքի ներգրավվածությունը։ Հենց այս սկզբունքով էլ ՆԳ նախարարությունը հետևողական քայլեր է իրականացնում կամավորության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ համայնքներում արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և բնակչության անվտանգությունն առավել պատշաճ ապահովելու նպատակով Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական նոր հենակետ։ Այն սպասարկելու է ոչ միայն Մարտիրոսը, այլև հարակից բնակավայրերը՝ հնարավորություն տալով առավել արագ արձագանքել հնարավոր արտակարգ դեպքերին։
Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ Մարտին Գաբրիելյանի խոսքով՝ ահազանգը ստանալու է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը, այնուհետև այն փոխանցվելու է համայնք, որն իրականացնելու է կամավորների հավաքը և արձագանքման գործընթացը։
Հենակետում ծառայություն իրականացնող կամավորներն անցել են մասնագիտական պատրաստություն, հաջողությամբ հանձնել փրկարարի որակավորման քննությունները և պատրաստ են անհրաժեշտության դեպքում գործել ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ։
Հենակետի բացման արարողությանը հաջորդել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում Մարտիրոսի կամավորական հրշեջ-փրկարարական թիմն ու Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները իրականացրել են պայմանական հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ։
Ըստ վարժանքի սցենարի՝ շինություններից մեկում բռնկված հրդեհը հաջողությամբ մեկուսացվել և մարվել է, իսկ տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։
Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են արդյունքները, քննարկվել իրականացված գործողությունները, արձանագրված բացթողումները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Արձանագրվել է, որ կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատը պատրաստ է ինքնուրույն կազմակերպել նախնական արձագանքը և անհրաժեշտության դեպքում աջակցել Փրկարար ծառայության ստորաբաժանումներին։