Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանցագործության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել էր մայիսի 19-ին։ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 36-ամյա բնակիչը հայտնել էր, որ ծանոթը պարտքի դիմաց առաջարկել է վարկ ձևակերպել, ինչի համար էլ ծանոթի և նրա ընկերոջ հետ մայիսի 18-ին ուղևորվել էին Երևան։ 

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Երևանում, սակայն, մի խումբ անձինք 36-ամյա երիտասարդին, իր կամքին հակառակ, պահել էին ավտոտնակում՝ պահանջելով տասը միլիոն դրամ։ Երիտասարդի կինը տեղեկանալով այդ մասին՝ դիմել էր ոստիկանություն, ինչից հետո նրան բաց էին թողել։

Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ազատությունից ապօրինի զրկելու և շորթման հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։

Հետագա միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա, 39-ամյա, 33-ամյա և Տավուշի մարզի Դեղձավան գյուղի բնակիչ՝ 34-ամյա տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Կատարվում է նախաքննություն։

77