Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Յուրաքանչյուր հաջող բիզնես սկսվում է առաջին քայլից, իսկ առաջին քայլերն առավել վստահ են, երբ կա հասանելի և հանրամատչելի տեղեկատվություն: Նոր բիզնես սկսողներին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին աջակցելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է գործնական ուղեցույցների շարք, որոնք կհարապարակվեն ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքի գլխավոր էջում բացված «Բիզնեսը՝ քայլ առ քայլ» անվամբ պատուհանում։ Ուղեցույցներում պարզ և մատչելի ձևով կներկայացվեն հարկային համակարգում գործելու հիմնական քայլերը՝ պետական գրանցումից մինչև հաշվետվությունների ներկայացում և հարկերի վճարում։  

Այս շարքի հաջորդ ուղեցույցում ներկայացվում են շրջանառության հարկման համակարգում գործունեություն սկսելու և արդյունավետ կազմակերպելու հիմնական քայլերը։ Եթե ցանկանում եք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ՝ իրականացնել առք ու վաճառքի գործունեություն կամ հիմնել հրուշակեղենի արտադրամաս, և գործել շրջանառության հարկման համակարգում, ապա այս ուղեցույցը կօգնի հասկանալ՝ գործունեության որ տեսակների դեպքում է հնարավոր կիրառել այս համակարգը, կծանոթանաք նաև այս հարկման համակարգում գործելու ամբողջ գործընթացին՝ սկսած բիզնեսի գրանցումից մինչև հարկերի հաշվարկումը և վճարումը։ Ամենակարևորը՝ պարզ օրինակներով կտեսնեք, թե ինչպես կարող եք նվազեցնել պետական բյուջե վճարվող հարկերը՝ հաշվի առնելով բիզնեսի ծախսերը։

Ովքե՞ր կարող են գործել շրջանառության հարկի համակարգում

Ռեզիդենտ առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են գործել շրջանառության հարկի համակարգում, եթե գործունեությունը համապատասխանում է տվյալ համակարգում գործելու պայմաններին։ Բայց հիշեք, որ շրջանառության հարկման համակարգում գործելու համար նախորդ հարկային տարվա բոլոր գործունեության տեսակներով իրացման շրջանառությունը չպետք է գերազանցի 115 մլն դրամը։

Ինչպե՞ս գործել շրջանառության հարկման համակարգում

Շրջանառության հարկման համակարգում գործելու համար պետք է՝

  • որոշել՝ գործելու եք որպես անհատ ձեռնարկատե՞ր, թե՞ կազմակերպություն,
  • իրականացնել բիզնեսի պետական գրանցում կամ հաշվառում, ստանալ ՀՎՀՀ,
  • ստուգել՝ այն գործունեությունը, որով զբաղվում եք կարող է, արդյոք, գործել շրջանառության հարկման համակարգում,
  • գրանցվել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում,
  • մինչև գրանցման կամ հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:

Ի՞նչ հաշվարկներ են ներկայացնում շրջանառության հարկ վճարողները

  • շրջանառության հարկի հաշվարկ.
  • որպես հարկային գործակալ՝ եկամտային հարկի հաշվարկ.
  • ԵԱՏՄ երկրներից ներմուծումների դեպքում ՝ ներմուծման հարկային հայտարարագիր.
  • անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ շահութահարկի տարեկան հաշվարկ.
  • անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ ԱՁ-ի և նոտարի սոցիալական վճարի հաշվարկ (1974թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված լինելու դեպքում).
  • ակցիզային հարկ վճարելու դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հաշվարկ:

Ինչպե՞ս հաշվարկել և վճարել հարկերը
Շրջանառության հարկը հաշվարկվում է  ապրանքների վաճառքից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտներից։ Շրջանառության հարկը հաշվարկվում է տարբեր դրույքաչափերով՝ կախված  գործունեության տեսակից, օրինակ՝ առք ու վաճառք՝ 10 տոկոս, արտադրություն` 7 տոկոս, հանրային սնունդ՝ 12 տոկոս և այլն։ Հաշվարկված հարկը պետք է վճարել յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 20-ը ներառյալ։

Հնարավո՞ր է վճարել ավելի քիչ հարկ
Այո, շրջանառության հարկ վճարողները կարող են նվազեցնել վճարման ենթակա հարկի գումարը և վճարել ավելի քիչ հարկ, քան սահմանված է օրենքով, եթե ունեն իրենց բիզնես գործունեության հետ կապված փաստաթղթավորված ծախսեր։ Հաշվետու եռամսյակում կարելի է նվազեցնել այդ նույն եռամսյակում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների կամ ընդունված աշխատանքների մասով կատարված ծախսերը, ինչպես նաև վարչական և իրացման ծախսերը:

Բիզնես վարելիս պարտադիր հարկային պահանջներ

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կամ ծառայության ավարտի պահին e-invoicing համակարգով դուրս գրել հաշվարկային փաստաղթուղթ, իսկ մինչև ապրանքի տեղափոխությունը՝ բեռնագիր։

Ձեռք բերել և գրանցել ՀԴՄ, եթե ապրանք վաճառելու, ծառայություն մատուցելու կամ աշխատանք կատարելու համար ֆիզիկական անձանցից կանխիկ կամ քարտով ստանում են վճարումներ՝ առևտրի օբյեկտների, շրջիկ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերի վաճառատեղերում։

Ուղեցույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

114