Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Ստորև ներկայացնենք ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի բացման խոսքը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը.

«Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Իհարկե, առանձնազրույցի ժամանակ մենք արդեն իսկ հանգամանալից անդրադարձանք երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերին: Այժմ մեր քննարկումները կշարունակենք նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին:

Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել և զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը:

Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է, և, բնականաբար, մեր օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը:

Անշուշտ մեր քննարկումներում մեծ տեղ է հատկացվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին, և դրանց շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու ենք նաև օրվա ընթացքում: 

Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: 

Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար: 

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում»: 

27 Հունվար, 2021 13:32
199
; ;