Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել պետական սահմանի սահմանազատման աշխատանքներ իրականացնել հյուսիսից հարավ։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ՝ սկսած այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանները։
Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Նա նշել է, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում ընդունվել և հաստատվել են հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր։
«Կա համաձայնություն այն մասով, թե որ ուղղությամբ պետք է սկսվի և ընթանա մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը։ Կա կոնսենսուս և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի ավելի բարդ՝ հյուսիսային հատվածից՝ այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանները, և կշարժվեն հյուսիսից դեպի հարավ»,- հայտարարել է նախարարը։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի ընթացքում կքննարկվեն ավելի կոնկրետ հարցեր, որոնք, ինչպես սպասվում է, կլուծվեն։