Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որի «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի մասին բարձրաձայնել է կին այցելուներից մեկը, ով նկատել է կանանց զուգարանի լվացարանի տակ թաքցված հեռախոսը: Երբ կինը հայտնաբերված սարքի վերաբերյալ պարզաբանում է պահանջել ռեստորանի մենեջերից, վերջինս ընդունել է, որ հեռախոսը պատկանում է իրեն:
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ առերևույթ հանցագործության մասին համապատասխան հաղորդումն արդեն փոխանցվել է Քննչական կոմիտե:
Այս ամենից հետո ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև «Գուստավ» ռեստորանի տնօրինությունը՝ հանդես գալով հայտարարությամբ: «Իրավիճակին տեղեկանալուն պես մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկել և մենեջերը ազատվել է աշխատանքից։ Մենք նաև անձամբ կապ ենք հաստատել այն մարդկանց հետ, ովքեր մեզ տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, և մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնել նրանց, իրավական մարմիններին դիմելու հարցում»,- ասված է հայտարարությունում: