
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ատլանտյան խորհուրդ» հաստատության հետ առցանց հանդիպման ընթացքում անդրադարձել է միջազգային մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում՝ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին, գրում է «Ամերիկայի ձայնը»։
Ֆրանսիայի նախագահի խոսքերով, Թուրքիան ինքն իրեն դրել է ծանր կացության մեջ՝ հիշեցնելով երկու տարի առաջ թուրքական զորքերի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում ընդդեմ քրդական զորամիավորումների:
Նախագահ Մակրոնը շեշտում է, որ Թուրքիան ինքնուրույն որոշում կայացրեց ռազմական գործողություններ սկսելու մասին` առանց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մյուս գործընկերների հետ համաձայնության՝ անտեսելով անգամ այն փաստը, որ Սիրիայում են տեղակայված դաշնակից ուժերը: Նրա պնդմամբ, թուրքական զինված ուժերը, փաստորեն, ինքնուրույն ռազմական գործողություններ են սկսել այն տարածքում, որտեղ գտնվել են իր դաշնակիցները: Ռազմական գործողությունների թիրախում էին քրդական զորամիավորումները, որոնք կոալիցիոն ուժերի դաշնակիցներն էին և մնացած ուժերի հետ պատերազմում էին Դաեշ-ի ու այլ ահաբեկչական խմբերի դեմ: Մակրոնը հիշեցնում է, որ Թուրքիան մեղադրում է քրդական ուժերին PKK-ի հետ կապ ունենալու մեջ: Որոշ դեպքերում, ըստ նրա, մեղադրանքը ունի հիմքեր:
Ֆրանսիայի նախագահի կարծիքով, սակայն, Թուրքիայի նման վարքագիծը հարված էր ՆԱՏՕ-ի հեղինակությանը, քանի որ չհամակարգված գործողությունները որևէ մեկին չեն կարող վստահություն ներշնչել տվյալ դաշինքի մեջ: Անկարայի նման վարքագիծն, ըստ Մակրոնի, արդյունք է նաև նրա, որ ԱՄՆ-ը այդ ժամանակ որոշում կայացրեց սիրիական պատերազմի թատերաբեմից ռազմական ուժերը դուրս բերելու մասին :
«Դրանից հետո Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, արևելյան Միջերկրածովում ականատես եղանք Թուրքիայի նման սիստեմատիկ վարքագծի, ինչը բարեկամական քայլ չէր դաշնակիցների ու գործընկերների հանդեպ, այլ հետապնդում էր Ռուսաստանի հետ համագործակցությամբ իրավիճակը հանգուցալուծելու նպատակ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Այս ամենը, ըստ նրա, առաջ է քաշում բազմաթիվ կոնցեպտուալ հարցեր ՆԱՏՕ-ի արդյունավետության և դերակատարության մասին:
Մակրոնի խոսքերով, 2020 թվականի ընթացքում Ֆրանսիան իր դաշնակիցների հետ մեծացրեց ճնշումը, որի հետևանքով արձանագրվեց որոշակի դրական առաջընթաց: Մոտակա ամիսները չափազանց վճռական են այս հարցում, շեշտում է նախագահ Մակրոնը: Նա ողջունում է վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունները:
Իրավիճակի որոշակի փոփոխությունը նա կապում է ԵՄ որոշ քայլերի, ինչպես նաև ԱՄՆ-ի ներգրավվածության մակարդակի մեծացման ու նոր վարչակազմի որդեգրած քաղաքականության հետ, որը հենվում է ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության դասական մոտեցման վրա:
Մակրոնը հույս է հայտնում, որ այսպիսով հնարավոր կլինի գրանցել նոր արդյունքներ: Այս առումով նա անհրաժեշտ է համարում մի շարք հստակ քայլերի իրականացումը, որոնց թվում է Լիբիայում իրավիճակի կարգավորումը, թուրքական զորքերի դուրս բերումն այնտեղից, Սիրիայից Լիբիա Թուրքիայի կողմից տեղափոխված հազարավոր ջիհադիստների հեռացումը, Սիրիայի հարցում Թուրքիայի մոտեցումների համապատասխանեցումը դաշնակից ուժերի հետ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և արևելյան Միջերկրածովում լարվածության նվազեցումը:
Նա կրկին կարևորեց ԱՄՆ-ի ներգրավվածության վերականգնումը ՆԱՏՕ-ի դաշինքի շրջանակում, որի շնորհիվ, ըստ Ֆրանսիայի առաջնորդի, ՆԱՏՕ-ն կարող է հանդես գալ ոչ միայն որպես ռազմական խոշոր դաշինք, որը միավորում է զինված ուժերը, այլ նաև որպես քաղաքական մարմին, որը ներդաշնակություն է հաղորդում քաղաքական ուղեգծին և համակարգում քաղաքական քայլերը: