Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական նախաձեռնության շրջանակում անցկացված ԱԲ Ագորային (AI Agora)։ Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից։

«Ներառական ապագա՝ բոլորի մասնակցությամբ» խորագրով միջոցառումը նվիրված էր արհեստական բանականության անվտանգ և պատասխանատու կիրառմանը և մեկ հարթակում համախմբել էր պետական կառավարման, գիտության, կրթության և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչների։

ԱԲ Ագորայի շրջանակում Տաթև Ասլանյանը մասնակցել է «Ո՞րն է Հայաստանի ԱԲ ներուժը, և ի՞նչ է անհրաժեշտ այն իրացնելու համար» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկմանը մասնակցել են նաև NVIDIA-ի ավագ հետազոտող Էրիկ Առաքելյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

Քննարկման ընթացքում Տաթև Ասլանյանն անդրադարձել է Հայաստանի ԱԲ կարողությունների զարգացման առաջնահերթություններին՝ ընդգծելով հաշվարկային ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման, մարդկային կապիտալի զարգացման և գիտական ներուժը մրցունակ տեխնոլոգիական լուծումների վերածելու կարևորությունը։

Ներկայացնելով այս ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները՝ Տաթև Ասլանյանը նշել է, որ բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսների (GPU) առկայությունն ինքնին բավարար չէ․ անհրաժեշտ է դրանց շուրջ ձևավորել հետազոտողների, ինժեներների, արտադրանքի և բիզնեսի մասնագետների համագործակցային միջավայր։ Այս համատեքստում Տաթև Ասլանյանը ներկայացրել է տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների (TTO) ազգային ցանցի ստեղծման հայեցակարգը, որը պետք է նպաստի գիտական արդյունքների առևտրայնացմանը, ներդրողների և արդյունաբերության հետ կապերի ամրապնդմանը և հետազոտական աշխատանքները շուկա հասցնելուն։ Ի դեպ, հայեցակարգն արդեն ներկայացվել է Berlin Economics-ին՝ մասնագիտական գնահատման և հետագա գործնական ներդրման նպատակով։

Տաթև Ասլանյանը կարևորել է Հայաստանի համար խորքային գիտական ուղղությունների զարգացումն ու մեծ մասշտաբի կիրառական լուծումների ստեղծումը՝ մասնավորապես կենսատեխնոլոգիայի, կենսաբանության, քիմիայի, քվանտային ֆիզիկայի, էներգիայի կուտակման և առողջապահության ոլորտներում։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նման ուղղությունների զարգացումը պահանջում է բարձր մակարդակի գիտական ներուժ և գիտության ու արդյունաբերության առավել սերտ կապ։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԱԲ ներդրման պատրաստվածության հարցին՝ ընդգծելով, որ այն չի սահմանափակվում միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքների կամ ԱԲ գործիքների օգտագործման կարողությամբ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են նաև ԱԲ գրագիտություն, համապատասխան մասնագիտական կարողություններ, որակյալ տվյալներ, ինստիտուցիոնալ պատրաստվածություն և ճիշտ խնդիրների համար ճիշտ տեխնոլոգիաների ընտրություն։

Այս համատեքստում Տաթև Ասլանյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծածավալ հաշվողական ռեսուրսների (GPU) առկայությունը կարևոր նախապայման է ԱԲ կարողությունների զարգացման և ինքնիշխան ԱԲ ձևավորման համար, սակայն միայն այդ ռեսուրսների առկայությունը բավարար չէ։ Դրանք ինքնիշխան ԱԲ էկոհամակարգի ձևավորման կարևոր, բայց միայն մեկ բաղադրիչն են, որի արդյունավետ օգտագործումը պահանջում է նաև համապատասխան մոդելներ, գործիքներ, մասնագիտական կարողություններ և համագործակցային միջավայր։

Անդրադառնալով պետական կառույցներում ԱԲ ներդրման պատրաստվածության գնահատման ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ Տաթև Ասլանյանը նշել է, որ այդ նպատակով այցելություններ է կատարել պետական կառույցներ։ Արդյունքում յուրաքանչյուր կառույցի համար ձևավորվել է անհատական պատկեր՝ դրա թվայնացման մակարդակի, ԱԲ պատրաստվածության, ԱԲ գործիքների կիրառման հնարավորությունների և առկա խոչընդոտների վերաբերյալ։ Այս աշխատանքների նպատակն է բացահայտել այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել՝ պետական կառավարման համակարգում AI-first մոտեցմանն անցնելու և ԱԲ գործիքների արդյունավետ կիրառումն ապահովելու համար։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև Հայաստանի սեփական տեխնոլոգիական կարողությունների զարգացումն ու «Ինքնիշխան ԱԲ»-ի (Sovereign AI) ձևավորումը։ Նա ընդգծել է, որ Հայաստանին անհրաժեշտ են հայալեզու ԱԲ սեփական մոդելներ՝ տեքստի, խոսքի և պատկերների մշակման համար, ինչը կարևոր է երկրի տեխնոլոգիական ինքնիշխանության և ազգային անվտանգության տեսանկյունից։ ԱԲ Ագորայի ընթացքում անցկացված քվեարկության արդյունքներով՝ մասնակիցների 61 տոկոսը նույնպես կարևորել է Հայաստանում ինքնիշխան ԱԲ-ի զարգացումը։

Տաթև Ասլանյանը կարևորել է նաև ԱԲ-ի անվտանգ և պատասխանատու կիրառումը, տվյալների պաշտպանությունն ու տեխնոլոգիական կախվածությունների ռիսկերի կառավարումը՝ ընդգծելով, որ թեև Հայաստանում ԱԲ-ին վերաբերող համապարփակ օրենսդրական կարգավորումներ դեռևս չկան, նախարարությունն արդեն սկսել է ԱԲ ռիսկերի կառավարման հայեցակարգի մշակումը, որը սկզբնական փուլում նախատեսվում է կիրառել պետական համակարգում։ Հարցին ի պատասխան՝ Տաթև Ասլանյանն անդրադարձել է նաև արհեստական բանականության կիրառման հնարավոր ռիսկերին, մասնավորապես՝ երեխաների թվային անվտանգությանը և կիբերբուլինգի խնդրին։ Նա նշել է, որ այս պահին Հայաստանում ԱԲ կիրառման ռիսկերի կառավարման համապարփակ օրենսդրական կարգավորումներ դեռևս չկան։

Նախարարությունը սկսել է պետական համակարգում արհեստական բանականության պատասխանատու կիրառման հայեցակարգի մշակումը՝ նպատակ ունենալով ապահովել ԱԲ գործիքների արդյունավետ և անվտանգ ներդրումը պետական կառավարման համակարգում։ Միաժամանակ, հաշվի առնելով տեխնոլոգիաների արագ զարգացումը, անհրաժեշտ է քննարկել նաև հանրային հատվածում ԱԲ կիրառման հնարավոր ռիսկերի նվազեցման լրացուցիչ մեխանիզմները, այդ թվում՝ երեխաների պաշտպանության տեսանկյունից։

Տաթև Ասլանյանը նշել է, որ դպրոցներում ԱԲ գործիքների ներդրումը ևս պետք է ուղեկցվի անվտանգության համապատասխան երաշխիքներով։ Այս ուղղությամբ քննարկումներ են տեղի ունեցել նաև ԿԳՄՍ նախարարության հետ՝ ընդգծելով երկու գերատեսչությունների համագործակցության կարևորությունը։

Քննարկման ավարտին Տաթև Ասլանյանն անդրադարձել է ԱԲ-ի կարգավորմանը՝ նշելով, որ անհրաժեշտ է գտնել հավասարակշռված մոտեցում՝ հաշվի առնելով կիրառվող տեխնոլոգիաների հնարավոր ռիսկերն ու ազդեցությունը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ ցածր ռիսկային կիրառությունները չպետք է սահմանափակվեն անհարկի կարգավորումներով, մինչդեռ կրթության, առողջապահության, պետական կառավարման և զգայուն տվյալների մշակման ոլորտներում անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել անվտանգության, հաշվետվողականության և մարդկային վերահսկողության ապահովմանը։ «Արհեստական բանականության օրեր 2026»-ը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների հետ համագործակցությամբ, ԵՄ-ի, Norad-ի և ADA-ի համաֆինանսավորմամբ։ Նախաձեռնությանը միացել է 159 դպրոց, անցկացվել է 16 միջոցառում՝ բաց դասերի, աշխատարանների, վերապատրաստումների և քննարկումների ձևաչափերով։

132