Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Մասնավոր հատվածի կազմակերպություններում գիտական հրատարակությունների ծախսերի փոխհատուցում» մրցույթը՝ ուղղված մասնավոր հատվածում գիտահետազոտական գործունեության խթանմանը և գիտական արդյունքների միջազգային տեսանելիության բարձրացմանը։
Իրավական հիմքը և նպատակը
Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի նոյեմբերի 16-ի N 2405-Ա/2 հրամանի համաձայն՝ ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 156-Ն որոշմամբ հաստատված գիտական դրամաշնորհային ֆինանսավորման կարգի շրջանակում։
Մրցույթն ուղղված է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի «Տնտեսական ազդեցության մեծացում» ռազմավարական նպատակի «Մասնավոր հատվածում հետազոտությունների և մշակումների խթանում» միջոցառման «Մասնավոր հատվածում գիտական հրապարակումների խթանում» գործողության իրականացմանը։
Մրցույթի նպատակն է աջակցել մասնավոր հատվածի կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների արդյունքների հրապարակմանը միջազգային առաջատար գիտական ամսագրերում՝ փոխհատուցելով դրանց հրատարակման ծախսերը։
Ովքե՞ր կարող են մասնակցել
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ իրականացնող մասնավոր հատվածի կազմակերպությունները, որոնց աշխատանքները որակված են որպես գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ՝ ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 195-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Փոխհատուցման ենթակա են այդ կազմակերպությունների որակված ծրագրերում ընդգրկված՝ բացառապես մասնագիտական աշխատանքներ կատարող վարձու աշխատողների հեղինակած գիտական հոդվածների հրատարակման ծախսերը։
Ո՞ր հրապարակումների ծախսերն են փոխհատուցվում
Մրցույթի շրջանակում փոխհատուցվում են Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում կամ Scimago Journal & Country Ranking վարկանիշային հարթակում ընդգրկված՝ Q1 քառորդի գիտական ամսագրերում հոդվածների հրատարակման ծախսերը հետևյալ բնագավառներում՝
- Բնական գիտություններ,
- Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ,
- Բժշկական գիտություններ,
- Գյուղատնտեսական գիտություններ։
Մրցույթի շրջանակում չեն դիտարկվում՝
- MDPI, Frontiers և Hindawi հրատարակչությունների ամսագրերում հրապարակված գիտական աշխատանքները,
- 50 և ավելի հեղինակ ունեցող գիտական աշխատանքները։
Փոխհատուցման հիմնական պայմանները
Ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է միաժամանակ բավարարել հետևյալ պայմանները՝
- Կազմակերպության հետազոտական և փորձարարական մշակումների աշխատանքները պետք է որակված լինեն ՀՀ կառավարության N 195-Ն որոշմամբ սահմանված կարգով։
- Գիտական հոդվածի հրատարակման ծախսերը պետք է կատարված լինեն կազմակերպության կողմից։
- Հոդվածի հեղինակը պետք է ընդգրկված լինի կազմակերպության որակված հետազոտական ծրագրում՝ որպես բացառապես մասնագիտական աշխատանքներ կատարող վարձու աշխատող։
- Հոդվածում հեղինակներից առնվազն մեկի աշխատավայր (affiliation) պետք է նշված լինի տվյալ կազմակերպությունը։
- Հոդվածի հրապարակման կամ առցանց հասանելի դառնալու ամսաթիվը պետք է լինի 2027 թվականի հունվարի 1-ից հետո։
- Հոդվածի հրատարակման ծախսերը նախկինում փոխհատուցված չպետք է լինեն Կոմիտեի կողմից իրականացվող՝ միջազգային առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ծախսերի փոխհատուցման մրցույթի շրջանակում։
Աջակցության չափը
Յուրաքանչյուր գիտական հոդվածի հրատարակման ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը կազմում է 1 500 000 ՀՀ դրամ։
Յուրաքանչյուր հրապարակված գիտական աշխատանք մրցույթին կարող է ներկայացվել միայն մեկ անգամ։
Գնահատման արդյունքում հնարավոր է տրամադրել ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի փոխհատուցում։
Ինչպե՞ս դիմել
Մրցույթին մասնակցելու համար մասնավոր հատվածի կազմակերպությունը հայտը ներկայացնում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի private.hesc.am էլեկտրոնային համակարգի միջոցով։
Հայտերի գնահատման նպատակով ձևավորվող աշխատանքային խումբը հաշվի է առնելու՝
- գիտական աշխատանքի հեղինակների գիտական գործունեության արդյունավետությունը,
- հոդվածը հրատարակած ամսագրի վարկանիշը,
- միջազգային համահեղինակության առկայությունը,
- գնահատման թերթիկով սահմանված այլ չափանիշները։
Գնահատման արդյունքներով կարող է որոշում կայացվել ծախսերի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման, ինչպես նաև փոխհատուցումը մերժելու վերաբերյալ։
Դրական որոշման դեպքում Կոմիտեի և կազմակերպության միջև կնքվում է ֆինանսական միջոցների տրամադրման պայմանագիր, որը ձևավորվում է private.hesc.am համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
Մասնավոր հատվածի գիտական ներուժի զարգացմանն ուղղված աջակցություն
Մրցույթը ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրով նախատեսված՝ մասնավոր հատվածում հետազոտությունների և մշակումների խթանման միջոցառումներից է։
Այն միտված է խրախուսելու մասնավոր կազմակերպությունների մասնակցությունը գիտական հետազոտություններին, նպաստելու դրանց արդյունքների հրապարակմանը բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում և ամրապնդելու գիտության ու տնտեսության փոխկապակցվածությունը։
Հիշեցնենք, որ աջակցության այս կարգին զուգահեռ՝ իրականացվում է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները (R&D) որպես այդպիսին որակելու գործընթացը, որը թույլ է տալիս հայտատու կազմակերպությանը օգտվելու ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված մի շարք արտոնություններից (շահութահարկի հաշվարկման նվազեցումներ, ամորտիզացիոն մասհանումներ, R&D իրականացնող մասնագետների նկատմամբ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում)։ Մինչ այժմ տվյալ ծրագրի շրջանակներում որպես այդպիսին է որակվել ՀՀ-ում գործող մասնավոր կազմակերպությունների 180 հայտ` վերջիններիս շուրջ 2200 աշխատակիցների ներգրավմամբ։