
Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ընթանում է ուժային նոր հարաբերակցության ձևավորման գործընթաց: Փոփոխությունների այս ֆոնին վերջին շրջանում պարբերաբար ակտիվանում են քննարկումները նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների և Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ապօրինի շրջափակման վերաբերյալ:
Թուրքիան առաջին երկրներից էր, որը դեռևս 1991թ.-ի դեկտեմբերին ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման չգնաց: 1993թ.-ին, Քարվաճառի ուղղությամբ հայկական ուժերի արձանագրած ռազմական հաջողությունների ֆոնին, Թուրքիան, համերաշխություն հայտնելով Ադրբեջանին, փակեց «H-50» միջազգային օդային միջանցքը՝ թույլ չտալով օդանավերի թռիչքները դեպի Հայաստան (միջազգային ճնշումների արդյունքում վերաբացվեց 1995թ.-ին), Գյումրի-Կարս երկաթգիծը, արգելեց մարդասիրական օգնությունների փոխադրումն իր տարածքով` փակելով նաև ըստ անհրաժեշտության օգտագործվող Ալիջան-Մարգարա և Դողուքափ-Ախուրիկ սահմանային անցակետերը: Թուրքական պաշտոնական շրջանակները Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանային անցակետերի վերաբացման հարցը սկսեցին պայմանավորել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» գործոնով:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը թուրքական կողմը որպես նախապայման առաջ քաշեց նաև 2009թ-ին՝ փաստացի տապալելով Ցյուրիխում երկու երկրների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման գործընթացը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: