ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախօրեին որոշ «լրատվականներ», հավատարիմ մնալով իրենց՝ իրականությունից կտրված, սուտ տեղեկատվություններ տարածելու սկզբունքներին, Ազատության «Կիրակնօրյա վերլուծականին» իմ տված հարցազրույցից առանձնացրել են կոնտեքստից դուրս տողեր և աղճատված ներկայացրել են հանրությանը։

Բառացի ներկայացնում եմ, թե ինչ եմ ասել հաղորդման ընթացքում․

«Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրը այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը։ Եվ եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է մտածեն նաև, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում, և նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։

Մենք արդեն երկու անգամ՝ 1999թ․հոկտեմբերի 27-ին և 2020թ․ նոյեմբերի 10-ին, ականատես ենք եղել ռոմանտիկների կողմից «կայծակնային» արագությամբ պետական պահպանության տակ գտնվող շենքերի գրավմանը և դրա հետևանքներին, ուստի ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը չի պատրաստվում կրավորական դիրք ընդունել հակապետական ծրագրերի վերաբերյալ հայտարարություն անողների և դրանք իրականացնողների նկատմամբ, հատկապես հետպատերազմյան այս բարդ ժամանակահատվածում։ Մեր իրավապահ համակարգը գիտակցում է, որ նմանօրինակ հայտարարությունները մեր պետության անվտանգության համար լուրջ սպառնալիքներ են պարունակում և քայլեր կնախաձեռնի դրանք «կայծակնային» արագությամբ կանխելու ողղությամբ։ Հավանաբար, այս հայտարարությունների պատճառն այն է, որ պատերազմից հետո որոշ քաղաքացիների մոտ հաշվառումից դուրս զենքեր են մնացել, այս հարցը ևս պետք է հնարավորինս արագ իրավական առումով լուծում ստանա՝ զենքի անօրինական կիրառումը բացառելու նպատակով։

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ հարցազրույցի ընթացքում իմ տված գնահատականը, որը որևէ կապ չունի ժողովրդի վրա կրակելու հետ: Իսկ իրենց քաղաքական նպատակները որպես ժողովրդի պահանջ մեկնաբանելը ինձ համար առնվազն անթույլատրելի է: Այս պահին ժողովրդի համար ամենակարևորը հրադադարի ռեժիմի և ներքին անվտանգության պահպանումն է»:

23 Փետրվար, 2021 15:02
437
; ;