Ցավոք սրտի, Ադրբեջանը գերիների խնդիրը փորձում է դարձնել սակարկման առարկա. 1in.am լրատվականին տված իր հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց մասով պարտավորություն։ Կրկնում եմ, որ նույն Խծաբերդի միջադեպով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի՞ են, թե՞ ռազմագերի չեն։ Այս մեկնաբանությունը տեղին չէ, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների և այլ պահվող անձանց։

Ուզում եմ ընդգծել, որ դա եռակողմ հայտարարություն է և այդ հայտարարության վերաբերյալ ու դրանով ձևակերպված պարտավորությունները կիսում են բոլոր ստորագրած կողմերը։ Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որ հնարավորինս արագ ինտենսիվ լուծում տանք այդ հարցին»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ պրոցեսները չմտնեն փակուղի։ Իրենք օրակարգի շուրջ աշխատում են այնքան ժամանակ, քանի դեռ իրական հնարավորություն կա խնդիրը լուծելու։

«Իրական հնարավորություն կա, որ մենք ունենանք կոնկրետ արդյունքներ։ Երբ որ մենք տեսնենք, որ նման հնարավորություն չկա, ժամավաճառությամբ չենք զբաղվի»,- նշեց Փաշինայնը՝ հավելելով, որ այլ է ժամկետների հարցը, քանի որ ամեն վայրկյանը կարևոր է։

Մինչ այս պահը 69 գերի է վերադարձել հայրենիք, բայց պետք է շարունակենք այնքան աշխատել, մինչև բոլոր գերիները վերադարձվեն՝ գերիների թեման եզրափակեց վարչապետը։

23 Փետրվար, 2021 22:00
272
; ;