ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային (նստավայրը՝ ք.Մոսկվա): Հանդիպմանը մասնակցել է նաեւ Շրի Լանկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վահան Քերոբյանը շնորհավորել է Միգահալանդ Դուրաջ Լամավանսային Հայաստանում Շրի Լանկայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նաեւ ողջունել հավատարմագրման նպատակով դեսպանի առաջին այցը Հայաստան՝ մաղթելով հաջող գործունեություն երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:

 

Անդրադառնալով Հայաստանի եւ Շրի Լանկայի միջեւ փոխգործակցության հնարավոր զարգացումներին, նախարարը առանձնակի կարեւորել է համագործակցության ձեւավորումը տնտեսության տարբեր ոլորտներում։ Նա առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ձեռնարկությունների եւ շրիլանկյան ընկերությունների մասնաճյուղերի ստեղծման հնարավորությունները, ինչը  թույլ կտա վերջիններիս՝ Հայաստանում թողարկված արտադրանքով մուտք գործել երրորդ երկրների շուկաներ։ 

Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, իր հերթին, ողջունելով նախարարին՝ նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է մեծ ներուժ մի շարք հեռանկարային ոլորտներով փոխշահավետ համագործակցության համար եւ առաջարկել է դիտարկել միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները՝ տարբեր հեռանկարային ուղղություններով համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու։

Կողմերը երկուստեք կարեւորել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով ուղիղ ավիաչվերթների բացման, ինչպես նաեւ Շրի Լանկայի լրատվամիջոցների՝ Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպումը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացման, ինչպես նաեւ ներդրումային ոլորտում հնարավոր համագործակցության հաստատման նպատակով, աջակցել գործարար պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպմանը եւ գործարար համաժողովների անցկացմանը։ 

24 Փետրվար, 2021 18:39
147
; ;