Վարչապետի գլխավորած երթին միացած ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Լուրերի» հետ զրույցում նշեց, որ գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է:

«Իմ քայլը» խմբակցությունը միշտ աջակցել է և աջակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավաստիացրեց ԱԺ փոխնախագահը:

«Շատ ցավում եմ, որ մեր զինվորականները մոռացել են Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ զինվորականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, զինվորական սպան չպետք է խոսի վարչապետի, նախագահի կամ մյուսի մասին, ինքը պետք է զբաղվի երկրի պաշտպանությամբ»,- նշեց Սիմոնյանը:

Խոսելով Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած ցույցի մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ որևէ բախում պետք է բացառել: 

«Որևիցե բախման մասին խոսելն անթույլատրելի է: Կարծում եմ, որ սա այն ամեն ինչի հետևանքն է, ինչի միջով անցանք 2020-ին: Պետք է այս տուրբուլենտ վիճակից մեր ժողովրդի իմաստությունը հավաքենք և տուրբուլենտ վիճակից դուրս գանք: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը սատարում է Հայաստանի Հանրապետության իշխանությանը:

ՀՀ զինված ուժերում և մյուս բոլոր տեղերում մեր քաղաքացիներն են, մեր երեխաներն են, և մարդկանց մեծամասնությունը սատարում է ՀՀ լեգիտիմ իշխանությանը, այլ իշխանություն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի, մնացած բոլորը պարտավոր են և պետք է ենթարկվեն ՀՀ Կառավարությանն ու վարչապետին»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նշենք, որ երթին միացել են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները:

 

1lurer.am

25 Փետրվար, 2021 15:21
128
; ;