Այսօր առավոտյան Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռոմա Սահակյանի հետ այցելել են «Չաարատ Կապան» ՓԲԸ (նախկին Կապանի լեռնահարստացման կոմբինատ), որի տարածքը զգալի վնաս է կրել գիշերը տեղի ունեցած վթարից։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից:

Հաղորդվում է, որ փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը՝ ժամը 2։00-ին, Կապանի պղնձի հանքավայրի (Կավարտի հանք) տրանսպորտային հանքուղով (Կավարտի հանքավայրը չի պատկանում և չի շահագործվում «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից) հոսող ջրերը, դեռևս անհայտ պատճառներով, մեծ քանակությամբ լցվել են ընկերության տարածք՝ պատճառելով վնասներ․ պատահարի հետևանքը եղել է արտադրության խափանումն ու կանգառը։

 

«Ջրերը ընկերության տարածքով անցել են նաև միջպետական մայրուղի ու հարակից տարածքներ:

Ճանապարհը մաքրվել է ընկերության աշխատակիցների կողմից, իսկ ձեռնարկության տարածքում այցի պահին վթարավերականգնողական աշխատանքներ էին ընթանում։

 

 

Մարզպետարանի ներկայացուցիչները, ծանոթանալով տարածքում ստեղծված վիճակին, հանդիպում են ունեցել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ։ Կարո Ավանեսյանը հետաքրքրվեց ընկերությանը հասցված վնասի ծավալներով, ու տնօրենը ներկայացրեց դրանք (վարչական շենք, գույք, սարքավորումներ, ճանապարհներ և այլն)։

 

Քննարկվեց նաև, թե ինչը կարող էր հանքախորշի մուտքի պատվարի փլվելու ու ջրերի արտահոսքի պատճառ դառնալ, և կարևորվեց, որ խնդիրը ներկայացվի Կառավարություն՝ համայնքի տարածքում եղած մյուս չգործող ու կոնսերվացված հանքախորշերի անվտանգությունն ապահովելու և հետագայում նման վթարային իրավիճակները կանխարգելելու համար»,- հայտնում են մարզպետարանից:

 

26 Փետրվար, 2021 13:20
78
; ;