
Այն, որ քաղաքացիները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դռան դիմաց ծաղկեպսակ են դրել և այն, որ դա իմքայլականները չեն ընդունում, կարելի է մեկնաբանել «Ինչ ցանել եք, այն էլ կհնձեք» թևավոր խոսքով։ Անդրադառնալով հարցին, արդյոք սա չի նշանակում, որ հիմա հնձում եք ձեր ցանածը, որովհետև 2018 թվականի իրադարձությունների ժամանակ էլ ձեր աջակիցները, թիմակիցներն էին դագաղներ, ծաղկեպսակներ, սև ժապավեններ տեղադրում հանրապետական պատգամավորների տների դիմաց։ Լրագրողի հարցին Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․ «Պետք է արձանագրեմ մի փաստ, որ նման երևույթները՝ դագաղներ, ծաղկեպսակներ քաղաքական գործընթացների կիզակետում ի հայտ են եկել առաջին անգամ ոչ թե 2018 թվականին, այլ 2008 թվականին ներկայիս ընդդիմադիր գործիչների կողմից, երբ դրվել էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց»։ Պատգամավորը հիշեցրեց, որ մի ամբողջ հուղարկավորության տեսարան էր կազմակերպվում օրեր շարունակ։
«Ես կխնդրեմ ձեզ՝ որպես լրագրողներ փորձեք նայել նախկինում արված տեսանյութերը և կտեսնեք այդ ամենը։ Եվ երբ հերթական անգամ խոսք լինի ցանելու մասին, կիմանաք, թե այդ արատավոր երևույթի սկզբնաղբյուրը որն է եղել։ Ես, այո՛, դատապարտել եմ այդ իրադարձությունը 2008-ին, դատապարտել եմ 2018-ին և նաև դատապարտում եմ հիմա»,-ընդգծեց Ջուլհակյանը։