Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը:

61-ամյա գերմանացի մասնագետը 2006 թվականից է գլխավորում Գերմանիայի հավաքականը, որի հետ դարձել է 2014թ. աշխարհի չեմպիոն ու 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող: Եվրո-2008-ում գերմանացիները դարձել են արծաթե մեդալակիր, իսկ ԱԱ-2010-ում ու Եվրո-2012-ում՝ բրոնզե:

Յոահիմ Լյովի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականն անցկացրել է 188 հանդիպում, տարել 120 հաղթանակ, կրել 31 պարտություն ու գրանցել 37 ոչ ոքի:

Հիշեցնենք, որ գերմանացիները Հայաստանի հավաքականի մրցակիցներից են Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում: Թիմերի միջև առաջին հանդիպումը կանցկացվի այս տարվա սեպտեմբերի 5-ին Գերմանիայում, իսկ պատասխան խաղը՝ նոյեմբերի 14-ին Երևանում: 

sport.news.am

399