Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և հետագա հաջողություններ մաղթել՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու ջանքերը կներդնի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել խորացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հարցերին: Նշվել է, որ թեև երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց մի շարք ոլորտներում դեռևս առկա է չիրացված մեծ ներուժ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ կան մասնավորապես գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արտադրության, ֆինանսաբանկային, ինչպես նաև հումանիտար ոլորտներում: Երկուստեք կարևորվել է նաև Ղազախստանի հայ համայնքի դերը, ինչպես նաև գործարար և մշակութային շփումների ակտիվացումը:

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին ընդգծել է, որ պատրաստ է անել առավելագույնը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ամրապնդելու համար: Նա նշել է, որ անգամ համավարակի և միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում է նկատվում, և վստահություն է հայտնել, որ այդ միտումները կշարունակվեն:

17 Մարտ, 2021 16:27
127
; ;