Երգիչ-կատարող, պոետ և երգահան, դերասան Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում:

Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտաշինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք:

 

Հեղինակային երգի հանդեպ Վիսոցկու հետաքրքրությունը ծագել է Բուլատ Օկուջավայի արվեստին ծանոթանալուց հետո: Վիսոցկին Օկուջավային իր ուսուցիչն էր համարում: Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 60-ականների սկզբին:

 

Այդ երգերը «բակային ռոմանտիկայի» ոճում էին և լուրջ չէին ընկալվում ոչ Վիսոցկու, ոչ էլ իր առաջին ունկնդիրների կողմից: Մի քանի տարի անց`   1965 թվականին, նա գրում է հայտնի "Подводная лодка" երգը, որի մասին Իգոր Կոխանովսկին հետագայում կգրի. «"Подводная лодка"-ն արդեն լուրջ էր:

 

Եվ կարծում եմ, որ այդ երգը հայտարարեց, որ նրա պատանեկան արվեստի ժամանակի վերջն է եկել»: Մոտավորապես այդ ժամանակ Վլադիմիր Վիսոցկին գալիս է Տագանկայի թատրոն, որն իր խոսքերով դառնում է «իր թատրոնը»:

 

«Թատրոն եկավ մի երիտասարդ: Հարցրեցի նրան, թե ինչ է ուզում անել, նա էլ ասաց, թե մի քանի երգ է գրել, խնդրեց լսեմ: Համաձայնեցի: Մեր հանդիպումը պետք է որ հինգ րոպեից ավել չտևեր, բայց ես մեկուկես ժամ լսում էի նրան»,- հիշում է Յուրի Լյուբիմովը:

 

Այսպես սկսվեց Վիսոցկու ուղին Տագանկայի թատրոնում: Սակայն այնտեղ ամեն ինչ չէր, որ հարթ էր անցնում: Յուրի Լյուբիմովի հայրական վերաբերմունքը Վիսոցկու հանդեպ առաջացնում էր կոլեգաների նախանձը: Թատրոնի հետ միաժամանակ Վիսոցկին նկարահանվում էր կինոյում:

 

Նրա ամենահայտնի և ամենասիրած կինոդերը "Место встречи изменить нельзя" հեռուստասերիալում Ժեգլովի դերն էր, որը շատ ռեալիստական էր ստացվել: Բազմաթիվ հեռուստադիտողներ համոզված էին, որ Գլեբ Ժեգլովը հորինովի կերպար չէր:

 

Մարինա Վլադին Վիսոցկու կյանք մտավ 1967 թվականին: Վիսոցկին սիրահարվեց նրան "Колдунья" ֆիլմից հետո: Նա օրը մի քանի անգամ դիտում էր այդ ֆիլմը, տարիներ շարունակ երազում հանդիպման մասին: Վերջապես այն կայացավ:

 

«Աչքիս ծայրով նկատում եմ, որ մեզ է մոտենում ոչ բարձրահասակ, վատ հագնված մի երիտասարդ: Ես նայում եմ նրան, և նրա բաց շագանակագույն աչքերը մի պահ գրավում են ուշադրությունս: Նա մոտենում է, լուռ բռնում ձեռքս, համբուրում այն, նստում կողքիս:

 

Նրա լռությունը չի մտահոգում ինձ, մենք միմյանց այնպես ենք նայում, կարծես երկար տարիներ ճանաչում ենք իրար»,- նկարագրում է Մարինա Վլադին իրենց առաջին հանդիպումը: «Աշխատել է պետք»,- Վիսոցկու սիրած արտահայտությունն էր: Եթե նա կարողանար, 24 ժամ կաշխատեր:

 

3-4 ժամ քուն, մնացածը`   աշխատանք: Իր երգերը նա հիմնականում գիշերն էր գրում: Տուն էր գալիս ներկայացումից հետո ու անցնում աշխատանքի: Մարինան նրան տաք թեյ էր տալիս ու լուռ նստում անկյունում: Երբեմն նա քնում էր, իսկ Վիսոցկին առավոտյան արթնացնում էր նրան, որպեսզի կարդա գիշերը գրած բանաստեղծությունները:

 

Վիսոցկին հեղինակային երգի մասին ասում էր. «Հավաստիացնում եմ, որ հեղինակային երգը շատ մեծ աշխատանք է պահանջում: Այդ երաժշտությունն ապրում է ինձ հետ, քուն ու դադար չի տալիս»: 1980թ.-ի հուլիսի 25…

 

Ողջ Մոսկվան էր կարծես Վիսոցկուն հողին հանձնում, թեև մահվան պաշտոնական լուրը չէր տրվել. այդ պահին Մոսկվայում Օլիմպիական խաղեր էին ընթանում: Միայն թատրոնի դրամարկղի ապակուն մի համեստ գրություն էր փակցված.

«Մահացել է դերասան Վլադիմիր Վիսոցկին», սակայն ոչ ոք այդպես էլ չի վերադարձնում իր տոմսը…

 

934