Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Նադյա Գործունյանի և «Santé Arménie» նախաձեռնության անդամներ Արսեն Մեքինյանի, Նոել Գարաբեդյանի և պատվիրակության այլ անդամների հետ:  

Ողջունելով ներկաներին` Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և հատկապես պատերազմի օրերին ցուցաբերված աջակցության համար:

Հանդիպման ընթացքում նախարարը Նոել Գարաբեդյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով` Հայաստանի բժիշկների մասնագիտական զարգացման գործում նշանակալի ավանդի, երկար տարիների բարեգործական աշխատանքի, Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկական ծառայության հիմնադրման համար:

Նշենք, որ «Santé Arménie» նախաձեռնությունը ֆրանսահայ բժիշկների միավորում է, որը նպատակադրված է համախմբելու և համակարգելու ֆրանսահայ բժիշկների ջանքերը՝ ուղղված արցախահայության կարիքների բավարարմանը։ Հետպատերազմյան շրջանում կազմակերպությունը նպատակ ունի իրականացնել Հայաստանի բժշկական համակարգի բարելավման, հիվանդանոցների արդիականացման, ինչպես նաև հայ մասնագետների վերապատրաստման երկարաժամկետ և հեռանկարային ծրագրեր։

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանի առողջապահական համակարգին, հոգեբուժության, կլինիկական փորձարկումների, ցավի կառավարման և մի շարք այլ ոլորտներում:

26 Մարտ, 2021 15:17
82
; ;