2021 թ. փետրվարի 22-ից մարտի 24-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 46-րդ նստաշրջանը: ԿՈՎԻԴ-19 համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ նստաշրջանն առաջին անգամ տեղի է ունեցել ամբողջությամբ հեռավար և առցանց ձևաչափով: ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ նաև հեռավար էլեկտրոնային քվեարկություն է անցկացվել առցանց ձևաչափով՝ ՄԻԽ բանաձևերն ընդունելու նպատակով։

Նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Իր ելույթում նախարար Այվազյանն անդրադարձավ ՄԻԽ անդամակցության առաջին տարում Հայաստանի գործունեությանը, կարևորելով ցեղասպանությունների կանխարգելման, մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիության և ատելության խոսքի դեմ պայքարի, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում սկզբունքային աշխատանքն ու դիրքորոշումները: Ներկայացվեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները, այդ թվում Թուրքիայի օժանդակությամբ օտարերկրյա ահաբեկիչների ներգրավումը: Նախարարը շեշտեց նաև զինադադարից հետո շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների, հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման և միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումների մասին: Շեշտվեց արդարության համար պայքարող Արցախի ժողովրդի՝ սեփական ապագան ինքնուրույն որոշելու կարևորությունը:

ՄԻԽ 46-րդ նստաշրջանի օրակարգում էին ռասիզմի և այլատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության, մահապատժի վերացման և մի շարք այլ հարցեր: Քննարկվեցին նաև կրոնական ազատությունների, մշակութային, բնապահպանական իրավունքների խնդիրները՝  COVID-19 համավարակի համատեքստում: Մի շարք ինտերակտիվ երկխոսություններ նվիրված էին առանձին երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին: Փետրվարի 26-ին ՄԻԽ օրակարգի 2-րդ կետի ներքո Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Միշել Բաչելետն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ մասնավորապես հայտնելով, որ ինքը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի իր գրասենյակը հնարավորություն ստանա մուտք գործելու Լեռնային Ղարաբաղ։ Նա ընդգծեց, որ միջազգային իրավունքի բոլոր խախտումները պետք է հետաքննվեն, մեղավորները պատժվեն, իսկ տուժածները փոխհատուցում ստանան։ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը նաև շեշտեց, որ բոլոր գերեվարված անձիք, պետք է պաշտպանվեն միջազգային իրավունքի համաձայն և արժանանան մարդկային վերաբերմունքի:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

599