Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վրաստանում Նամախվանի ՀԷԿ-ի կառուցումը ընդդիմադիրների պահանջով 9-12 ամսով դադարեցվել է: Նրանք անգամ խաչ են դրել շինարարության տարածքում և հայտարարել, որ Վրաստանում չեն ցանկանում թուրքական ընկերություն:  

Հակաթուրքական տրամադրությունները զարմացրել են Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանին: Պատահական չէ, որ Formula ընդդիմադիր հեռուստաալիքով հարցազրույցի ժամանակ դեսպանն անդրադառնալով ՀԷԿ-ի կառուցման դադարեցմանը, «հիշեցրել է», որ  2021 թվականն է, Կարսի պայմանագիրը չի ավարտվի, իրենք չեն պահանջի վերադարձնել Բաթումը և զորքերը չեն ուղարկի Սամցխե-Ջավախք:

Թե ինչպիսի զարգացումներ կունենան թուրք-վրացական հարաբերությունները հակաթուրքական տրամադրությունների ֆոնին` Araratnews.am-ը զրուցել է վրացագետ Ջոն Մելիքյանի հետ:

Մեր դիտարկմանը, թե Վրաստանում  ներքաղաքական լարվածության և հակաթուրքական տրամադրությունների շարունակման դեպքում արդյոք իրադարձությունները չեն գնա արցախյան սցենարով, Ջոն Մելիքյանն ասաց` ոչ, որևէ նման խնդիր չկա. «Վրաստանում ներքաղաքական գործընթացները նոր չեն: Որևէ խնդիր ներքաղաքական գործընթացներում ես չեմ տեսնում, թեև ընդդիմությունը, Սաակաշվիլու գլխավորությամբ, փորձելու է փողոցի միջոցով ճնշումներ գործադրել, բայց չեմ կարծում, որ այն կբերի լուրջ խնդիրների»,- ասաց փորձագետը, ապա անդրադառնալով դեսպանի հայտարարություններին, հավելեց. «Դեսպանն իր հարցազրույցում խոսել է այս մասին, որպեսզի ցույց տա Վրաստանի բնակչությանը, որ որևէ խնդիր չկա և մտահոգություններն ավելորդ են: Մենք հասկանում ենք, որ միշտ այն հարցերը, որոնք չես ուզում բարձրաձայնել, բայց անդրադառնում ես` ավելի մեծ հնչողություն ես տալիս: Եվ դեսպանի այդ հայտարարությունները նոր իմպուլս տվեցին»։ Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ խոսակցությունները հայտարարությունների մակարդակից այն կողմ չեն անցնի:

«Յազգենի հայտարարությունները, թե ինքը այլ Վրաստան էր ճանաչում, հիմա թուրքաֆոբիա կա և այլն, կարող է ազգայնական շրջանակներին հնարավորություն տալ հակաթուրքական տրամադրություններն ավելի զարգացնել»,- նշեց վրացագետը, ապա հիշեցրեց, որ Վրաստանի և Թուրքիայի միջև կա ռազմավարական հարաբերությունների մակարդակ. «Թուրքիան Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, ունի իրականացրած ներդրումային լայն ծրագրեր: Այս ամենը ևս երաշխիք է, որ, ի վերջո, պաշտոնական հարաբերությունները չեն վատանա»,- ասաց վրացագետը։ «Այդ դիսկուրսը Վրաստանում կա, այն ոչ միայն մարգինալ խմբերի մոտ է, այլ նաև իշխանության մոտ կանգնած անձանց: Այս իրավիճակը Վրաստանում քիչ թե շատ բալանսավորված է»,- նշեց նա:

 

Իսկ ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, Մելիքյանն ասաց, որ մոտակա երեք տարում լուրջ փոփոխություն տարածաշրջանում ենթակառուցվածքային մասով չի լինի. «Տարածաշրջանային պետությունները հիմնականում կօգտագործեն Վրաստանի ուղին, և ապագայում Վրաստանը ևս կհասկանա՝ ինչ գործընթացներ կան և որտեղ կարող է մասնակցել: Իմ կարծիքով, թե´ Ադրբեջանը, թե´ Հայաստանը նախընտրելու են վրացական ուղին»:

Հայկ Մագոյան

1411