Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության, աշխարհում ավելի քան 1.42 մլրդ մարդ, այդ թվում՝ 450 մլն երեխա, ապրում է բարձր կամ առավել բարձր ջրային ռեսուրսների խոցելիություն ունեցող երկրներում: Սա նշանակում է, որ աշխարհում 5 երեխայից 1-ն ամենօրյա կարիքների համար բավարար քանակությամբ ջուր չունի:

 

Ջուր՝ բոլորի համար նախաձեռնության այս վերլուծությունը վերհանում է այն ոլորտները, որտեղ ջրի սակավության հետ կապված ռիսկերը համընկնում են ջրամատակարարման վատ պայմանների հետ: Այս վայրերում ապրող համայնքները օգտվում են ջրի մակերեսային կամ չբարելավված աղբյուրներից (ոչ արագահոս և ոչ անվտանգ աղբյուրներից):

 

«Ջրի ճգնաժամը միայն մտահոգություն չէ, այն արդեն իսկ գոյություն ունի և կլիմայի փոփոխություններն էլ ավելի են խորացնելու այն»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: Հիմնական տուժողը երեխաներն են: Երբ ջրամբարները չորանում են, երեխանե՛րն են բացակայում դպրոցից, որպեսզի ջրի գնան: Երբ երաշտների հետևանքով սննդի պաշարը կրճատվում է, երեխանե՛րն են տառապում թերսնուցման պատճառով: Երբ ջրհեղեղ է լինում, երեխանե՛րն են հիվանդանում ջրի միջոցով փոխանցվող հիվանդություններով: Եվ երբ բավարար ջուր չի լինում, երեխանե՛րն են, որ չեն կարողանում լվանալ ձեռքերը՝ հիվանդություններից խուսափելու համար:

 

Տվյալները փաստում են, որ ավելի քան 80 երկրներում երեխաներն ապրում են բարձր կամ ծայրահեղ բարձր ջրային խոցելիություն ունեցող պայմաններում: Նման կերպ ապրող երեխաների ամենամեծ թիվը բաժին է ընկնում Արևելյան և Հարավային Աֆրիկայի երկրներին, որտեղ երեխաների կեսից ավելին՝ 58 տոկոսը, զրկված է ջրի օրական չափաբաժնի բավարար քանակից: 31 տոկոսով երկրորդ տեղում են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկան, ապա՝ Հարավային Ասիան՝ 25 տոկոսով և Միջին Արևելքը՝ 23 տոկոսով: Հարավային Ասիայի ամենաբարձր խոցելիություն ունեցող տարածքներում ապրում է ավելի քան 155 միլիոն երեխա:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

620