ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գործունեության 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում նախարարն ու նրա տեղակալները պատասխանել են լրագրողների հարցերին:

Բարձրագույն կրթություն և գիտություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ հայտարարությանը, վստահեցրել է, որ բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում, և դրանք վաճառելու որոշում չկա, ընդամենն այդպիսի քաղաք ստեղծելու գաղափար է շրջանառվում:

«Հերքում եմ այն պնդումը, որ կա բուհերի շենքերը վաճառելու որոշում: Առավել ևս չի կարող գոյություն ունենալ ԵՊՀ-ի շենքը վաճառելու որոշում: Մայր բուհի շենքն արդեն որոշ «ստեղծարարներ» դարձրել են ցերեկային առևտրի սրահ: Սա անհարգալից վերաբերմունք է մեր պետականության, մեր ժողովրդի հանդեպ»,- նշել է նախարարը՝ փաստելով, որ այսօր բազմաթիվ այն դեպքերը, երբ բուհերը չեն ապահովում սանիտարահիգիենիկ, լսարանային մակերեսների, դասախոսություններ և սեմինարներ կազմակերպելու տեխնիկական հագեցվածության, հանրակացարանային, մարզական և սննդի մատուցման ժամանակակից պայմաններ, այսինքն՝ չկա համալիր մոտեցում:

«Եթե իրականություն դառնա ակադեմիական քաղաքի գաղափարը, և ունենանք մեր երազած ստեղծագործական միջավայրը, ապա շատ բուհերի մոտ բնական ցանկություն կառաջանա տեղափոխվել այդ վայր։ Եվ այն կառույցները, որտեղ այլևս նպատակահարմար չի համարվի բարձրագույն կրթություն իրականացնել, հնարավոր է՝ վաճառվեն, և այդ գումարը ներդրվի տվյալ քաղաքի զարգացման գործում: Սակայն, որպեսզի այդ գաղափարն իրականություն դառնա, լրջագույն ներդրումներ են անհրաժեշտ, քանի որ եթե անգամ բոլոր բուհերի շենքերն էլ վաճառվեն, ապա այդ գումարը չի բավականացնի: Եվ այստեղ հարց է առաջանում՝ որքանո՞վ է այդ գաղափարն իրատեսական, քանի որ այս հարցում, իհարկե, քաղաքական կամքը և հաստատակամությունը կարևոր են ու անհրաժեշտ, բայց՝ ոչ բավարար պայման, քանի որ նշված գործընթացում ամենակարևորը համապատասխան ֆինանսական միջոցների առկայությունն է»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Պատասխանելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունների վերաբերյալ հարցին, նախարարն ասել է, որ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայում իրականացնում է իր գործառույթները: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը դեռևս չի հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները. կան հստակ իրավական գործընթաց և սահմանված կարգին համապատասխանություն:

Վահրամ Դումանյանը գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ կառավարությունը որոշել է 2 մլրդ դրամով այս տարի ավելացնել Գիտպետկոմի բյուջեն և նոր ծրագրեր իրականացնել․ «Պատերազմից հետո բյուջեի վերանայում եղավ գրեթե բոլոր ուղղություններով, սակայն մենք առաջարկել էինք գիտության ոլորտի բյուջեից որևէ ծախս չպակասեցնել, այլ ընդհակառակը՝ ավելացնել, որի արդյունքում էլ նման որոշում է կայացվել: Սա ցույց է տալիս գիտության ոլորտի կարևորությունը ՀՀ կառավարության համար: Իհարկե, 2 մլրդ դրամը բավարար չէ, և Կառավարությունը նպատակադրվել է հաջորդ տարի շուրջ 5 մլրդ դրամի ավելացում ևս անել: Սակայն, միայն գումար ավելացնելով՝ խնդիրը չի լուծվում, քանի որ շատ հաճախ դրանք ուղղակի փոշիանում են: Գիտության զարգացման համար պետք է լինեն հստակ վերջնարդյունքի ակնկալիք և իրականացված աշխատանքի չափելիություն»:

Դպրոցի տնօրենի ընտրության նոր կարգ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարել է, որ դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման նոր սկզբունքների ու տնօրենի ընտրության նոր կարգի նպատակն է հստակեցնել տնօրենի ընտրության գործընթացը: Ըստ նոր կարգի` դպրոցների կառավարման խորհուրդների 9 անդամից 5-ին նշանակում է պետական կառավարման լիազոր մարմինը, այսինքն` ավագ դպրոցների դեպքում ԿԳՄՍ նախարարությունը, մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ դպրոցների դեպքում` համապատասխան մարզպետարանը և Երևանի քաղաքապետարանը: Մնացած 4 անդամները ծնողական և մանկավարժական համայնքների ներկայացուցիչներն են: Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե պետական կառույցները դպրոցների կառավարման խորհուրդներում ձայների մեծամասնություն ունեն, հետևաբար կարող են միանշանակ որոշել, թե ով դառնա ուսումնական հաստատության ղեկավար, Վ. Դումանյանը պարզաբանել է. «Չնայած կառավարման խորհուրդներում այսօր ունենք 5+4 ձևաչափը, սակայն տնօրենի ընտրության համար անհրաժեշտ են առնվազն 6 «կողմ» ձայներ: Այսինքն` միայն նախարարության կամ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչների ձայներով տնօրեն ընտրվել հնարավոր չէ»:

Նրա խոսքով` տնօրենի ընտրության կարգը փոխելու հիմնական պատճառն այն է, որ նախկին կարգից դժգոհ էին բոլորը` և՛ ծնողները, և՛ ուսուցիչները, և՛ նախարարությունը: Մասնավորապես, երբ տնօրենի ընտրության ժամանակ կառավարման խորհրդի 8 ձայները բաժանվում էին երկու հավասար մասի, և հաղթող չէր ճանաչվում, նախարարն ավագ դպրոցների դեպքում, իսկ փոխվարչապետը մարզային դպրոցների և Երևանի քաղաքապետարանին ենթակա դպրոցների դեպքում պարտավոր էին նշանակել տնօրեն` նախապատվությունը տալով հավասար ձայներ ստացած երկու թեկնածուներից մեկին:

«Դա լավագույն կարգավորումը չէր,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել,- փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում նախարարի կատարած նշանակումները խնդիրներ էին առաջացնում: Անկեղծ պետք է ասեմ, որ սա այն դեպքն է, երբ ինքս էլ դժգոհ եմ իմ հրամանից. ստիպված եմ ընտրել երկու թեկնածուներից մեկին` իմանալով, որ հակառակ կողմն ամենայն հավանականությամբ դժգոհելու է: Խնդիրը պայմանավորված չէ որևէ անձով, խնդիրը համակարգային է»: Ուստի որոշվել է կատարել փոփոխություն` տալով այնպիսի կարգավորում, որ ընտրությունը կատարվի կառավարման խորհրդի կողմից: Նոր կարգով ո՛չ նախարարը, ո՛չ էլ որևէ պաշտոնյա դպրոցի տնօրենի այս կամ այն թեկնածուին նախապատվություն տալով նշանակելու իրավասություն չունեն:

Համավարակով պայմանավորված՝ հեռավար դասեր և նախակրթարանների ընդունելության սահմանափակում

Համավարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ մոտ երեք տասնյակ դպրոցներում դասերը ժամանակավորապես կազմակերպվում են հեռավար ձևաչափով` մասնակի կամ ամբողջությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը յուրաքանչյուր շաբաթ մոնիթորինգ է իրականացնում, և ներկայացված թվերն անընդհատ փոխվում են` կախված վարակի տարածման ցուցանիշներից: Համաձայն առողջապահության նախարարի հրամանով հաստատված կանոնների՝ եթե որևէ դպրոցում աշակերտների կամ ուսուցիչների շրջանում հայտնաբերվում է 10 տոկոս և ավելի վարակվածության ցուցանիշ, ապա տվյալ դպրոցը դիմում է լիազոր մարմնին` դասերը 14 օրով հեռավար կազմակերպելու համար: Ըստ փոխնախարարի` լինում են նաև դեպքեր, երբ դպրոցը մասամբ, կոնկրետ մեկ կամ մի քանի դասարաններով է անցնում հեռավար կրթության` հաշվի առնելով հայտնաբերված դեպքերի լոկալ բնույթը:

Լրագրողի այն հարցին, թե երբ հնարավոր կլինի նախադպրոցական հաստատություններում նոր ընդունելություն իրականացնել, նախարարի տեղակալը նշել է, որ համավարակով պայմանավորված՝ ընդունելության սահմանափակումները մեղմացնելու հարցը քննարկվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

«Փետրվարին որոշ պայմաններ մեղմացվեցին, բայց քիչ թվով երեխաներ կարողացան ընդգրկվել նախադպրոցական հաստատություններ, որովհետև պահանջարկը շատ ավելի մեծ էր: Ունենք սկզբունքային համաձայնություն, որ համաճարակային իրավիճակի թուլացման և կայունացման դեպքում (ցավոք, հիմա խոսվում է նոր ալիքի մասին) նախադպրոցական հաստատություններում ընդունելությունը պետք է ավելի մեծ ծավալներով կատարվի: Սա շատ կարևոր և լուրջ խնդիր է, որն առնչվում է ոչ միայն երեխաների խնամքին, այլև զարգացմանը: Մենք առանց այդ էլ ունենք նախադպրոցական հաստատություններում տեղերի խնդիր, և շատ երեխաներ անգամ սովորական պայմաններում չեն կարողանում ժամանակին և պատշաճ օգտվել նախադպրոցական կրթությունից»,- նշել է Ժ. Անդրեասյանը: Նա նաև տեղեկացրել է, որ քննարկվում է համավարակի թուլացման դեպքում դպրոցներում երկարօրյա ծառայությունները վերսկսելու հարցը:

Մշակույթ

Նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է Արցախում մեր վերահսկողությունից դուրս մնացած հուշարձանների պաշտպանության խնդրին և տեղեկացրել, որ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է ԱԳՆ-ի հետ, և միասին համապատասխան աշխատանք են իրականացնում միջազգային ասպարեզում։

Լրագրողի այն հարցին, թե այս տարվա մշակույթի բյուջեն արդյո՞ք նվազել է, և ինչպե՞ս է այն բաշխվել, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը պատասխանել է, որ առկա է բյուջեի որոշակի փոփոխություն, որը պայմանավորված է հետպատերազմական իրավիճակով և որոշակի բարդություններով․ «Բարեբախտաբար, կրճատումները լուրջ հետևանքներ չեն ունենալու բնագավառի վրա: Ինչ վերաբերում է դրամաշնորհային ծրագրերին, այստեղ ևս կան կրճատումներ, սակայն բոլոր հետաքրքիր և պիտանի գաղափարները դրված են առաջնահերթությունների շարքում: Խրախուսվելու են այն գաղափարները, որոնք ամբողջապես կամ մասամբ իրականացվելու են սահմանամերձ համայնքներում, մասնավորապես՝ Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք: Մեր ուշադրության կենտրոնում է նաև Արցախը, և առաջիկայում նախատեսում ենք այցելություն՝ տեղի մեր գործընկերների հետ տարվա միջոցառումների ամբողջական ծրագիր մշակելու»:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ նախորդ տարվա «Թիկունքը մշակույթ» խորագիրն այս տարի փոքր-ինչ լրացվել է, և առաջիկայում սահմանային համայնքներում իրականացվելիք միջոցառումներն անցկացվելու են «Թիկունքը մշակույթ. սահմանը կենտրոն» խորագրի ներքո: Արայիկ Խզմալյանը նշել է, որ այսօր մշակույթը մեծ առաքելություն ունի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու առումով, և այդ համատեքստում նախատեսվում են մի շարք կարևոր ու հետաքրքիր միջոցառումներ:

Անդրադառնալով Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին՝ Արայիկ Խզմալյանը տեղեկացրել է, որ ծրագիրը կազմված է, այն կներկայացվի հանձնաժողովին և հաստատումից հետո կիրականացվի: Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ անվանի կոմպոզիտորին նվիրված ծրագիրը կլինի բավականին հետաքրքիր և հագեցած:

Ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը խոսել է նաև Երևան քաղաքում հուշարձանների նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքերի մասին և ցավով նշել, որ այն, ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում, մեր հայրենակիցների ձեռքով թիկունքից հարված է:

Սպորտ և երիտասարդություն

Անդրադառնալով ազգային ստադիոն ունենալու թեմային՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ասել է, որ հարցը նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում է. «Ազգային ստադիոն ունենալն անհրաժեշտություն է: Այս գաղափարը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի, տարբեր հիմնադրամների հետ: Պարզապես ազգային արժեք ճանաչված «Հրազդան» ստադիոնի հետ կապված ևս կան մի շարք հարցեր, և դեռևս չկա հստակություն: Պետք է հասկանանք՝ կկառուցվի ամբողջությամբ նո՞ր ստադիոն, թե՞ կվերակառուցվի «Հրազդանը»: Այս հարցերն ընթացքի մեջ են և մեզանից անկախ պատճառներով դեռևս ձգձգվում են: Ամեն դեպքում վստահ եմոր ազգային ստադիոն ունենալու ենք և ընդունելու ենք շատ բարձր մակարդակի հանդիպումներ: 35 հազարից ավելի հանդիսականի ընդունող ստադիոն ունենալը մեզ համար անհրաժեշտություն էԱյդ դեպքում կկարողանանք Հայաստանում անցկացնել Եվրոպա լիգայի եզրափակիչ, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ և նման մակարդակի այլ հանդիպումներ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ տարվա երիտասարդական մայրաքաղաքում՝ Կապանում, նախատեսվում է իրականացնել բազմաթիվ միջոցառումներ. «Կապանը երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ միջոցառումներ չեն անցկացվել: Նախատեսում ենք, որ ապրիլին կլինի Կապանին երիտասարդական մայրաքաղաքի բանալին հանձնելու հանդիսավոր արարողությունը: Տարին հագեցած կլինի երիտասարդական միջոցառումներով, որոնց մեծ մասը կանցկացնենք հենց Կապանում: Բացի դրանից՝ անցյալ տարեվերջին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստում որոշվեց, որ այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանը: Այդ միջոցառումը ևս նախատեսում ենք անցկացնել Կապանում: Դա տեղի է ունենալու աշնանը և համընկնելու է մեկ այլ կարևոր միջոցառման՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի եզրափակիչ փուլի հետ, որը ևս նախատեսում ենք անցկացնել Կապանում»:

Այլ հարցեր

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ի պատասխան լրագրողի հարցին, հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցները պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներում ներգրավվելուց: ԿԳՄՍ նախարարությունն այդ ուղղությամբ ձեռնարկելու է բոլոր քայլերը:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ է եղել նաև ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը, ինչպես նաև կամավոր ատեստավորման արդյունքում 30-50 տոկոս աշխատավարձի բարձրացում ստանալու հնարավորությանը:

01 Ապրիլ, 2021 10:03
61
; ;