ԿԳՄՍ նախարարը ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առիթով.

Հարգելի՛ հայրենակիցներ,

ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է, որը կրում է «Հանուն զարգացման և խաղաղության» խորագիրը: Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. այն թելադրում է հարգանքի ու համերաշխության, կարծրատիպերի ու սահմանների հաղթահարման, ներառման, ներշնչանքի, ավելիին հասնելու մթնոլորտ, սպորտն առողջ ու երջանիկ լինելու մասին է: Այն պահանջում է այնպիսի որակներ, ինչպիսիք են ուժը, կամքը, նպատակասլացությունը՝ պսակված հաղթանակի աննահանջ ձգտմամբ:

Մեր մարզիկների ու մարզիչների շնորհիվ մենք բազում առիթներ ենք ունեցել համազգային հպարտություն զգալու, աշխարհի տարբեր ծայրերում հայկական եռագույնը ծածանելու: Եվ վստահ եմ՝ այդ առիթներն առաջիկայում կրկնապատկվելու, եռապատկվելու են: Այժմ ունենք օլիմպիական 6 ուղեգիր, և մարզաշխարհի մեր նվիրյալները ջանք չեն խնայում այդ թիվը մեծացնելու, իսկ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում՝ նշանակալի նվաճումներ արձանագրելու ուղղությամբ:

Մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, սպորտի երախտավորներ, շնորհավորում եմ բոլորիդ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք, բազում նվաճումներ և հաղթանակներ՝ ի նպաստ խաղաղության և զարգացման:

06 Ապրիլ, 2021 10:59
80
; ;