Էներգետիկ խափանման պատճառ կարող է լինել ուրանի հարստացման ավելի բարձր արագություն ունեցող նոր կայանի փորձարկումը:

Այսօր վթար է տեղի ունեցել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտում։ Տեղեկությունը հայտնում է Fars լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը։

Նշվում է, որ միջադեպը կապված է էլեկտրաէներգիայի բաշխման հետ։ Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել է, որ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Նրա խոսքով՝ ներկայումս էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում արտակարգ դրությունը վերացված է։

Այժմ համապատասխան պետական կառույցների մասնագետները հետաքննություն են սկսել ՝ պարզելու միջադեպի պատճառը։

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ էներգետիկ խափանումը կարող էր տեղի ունենալ ցենտրիֆուգների գործարկումից հետո։ Վթարի պատճառը կարող է լինել ուրանի հարստացման ավելի բարձր արագություն ունեցող նոր կայանի փորձարկումը:



Աղբյուր՝ armeniasputnik.am

1185