Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի:

Ինչպես տեղեկացնում են  Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը ծաղիկներ են դրել եկեղեցու բակում ամփոփված հայ մեծերի՝ աշուղ Սայաթ-Նովայի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի, նշանավոր զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Հովհաննես Լազարյանցի, Բեհբուտ (Բորիս) Շելկովնիկովի շիրիմներին:

Առաջնորդանիստ տաճարում նախագահ Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը մոմ են վառել, զրուցել այնտեղ գտնվող հայազգի այցելուների հետ:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախագահը հանդիպել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայրենիք-սփյուռք հարաբերություններին, տեղի հայ համայնքի խնդիրներին: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ունեցած հանդիպումների և դրանց արդյունքների մասին:

16 Ապրիլ, 2021 19:19
182
; ;