Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։

 

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձևավորել ԱՀ քաղաքացիների շրջանում և տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։

 

Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են։

 

Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և որևէ ձևով չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու մեր հաստատակամությունը»,- ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

22 Ապրիլ, 2021 12:30
134
; ;