
«Մեր ամենօրյա լրջագույն մասն են կազմում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձին առնչվող խնդիրներին:
«Այդ առումով մեր մյուս գործընկերը՝ ռուս գլխավոր դատախազը, ներգրավված է գործընթացի մեջ և մեզ, այդ խողովակը օգտագործելով, հնարավորություն է ընձեռվում և ցուցակների ճշգրտում իրականացնել, և հատկապես կատարված խոշտանգումների, սպանության վերաբերյալ տեղեկությունները հիմնավոր փոխանցել, դրանով նաև մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ»,- ասաց գլխավոր դատախազը:
Դավթյանի խոսքով` դրանք քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով են, քանզի քրեական գործի շրջանակներում են արձանգրվում այդ բոլոր փաստական հանգամանքները, և այդ ապացուցողական բազայի համապատասխան տեղեկատվությունը կիսվում են ռուս գործընկերների հետ և նրանց միջնորդությամբ հնարավոր է դառնում նաև նրանց հետևողականությունը ձեռք բերել, արձանագրել այս հարցում, որպեսզի Ադրբեջանը այդ խնդիրներում գիտակցի դրա բարձր պատասխանատվությունը: