Մայիսի 12-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի նախաձեռնությամբ Էրեբունի նստավայր են այցելել ԵՊՀ իրավաբանական և ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:
Ապագա իրավագետներին ու լրագրողներին նախ հնարավորություն է ընձեռվել ներկա գտնվել դատավորի վարույթում քննվող երկու նիստերի, առարկայական պատկերացում կազմել դատական իշխանության և մասնագիտական նրբությունների գործնական կիրառության վերաբերյալ, որից հետո դատավորը նրանց համար զրույց–դաս է վարել՝ ներկայացնելով դատարանում քաղաքացիական գործերի քննության կարգը, հայցադիմումների, դիմումների՝ դատարան մուտքագրման գործընթացի իրավակիրառ պրակտիկան, դատավարության փուլերում քաղաքացիական տարբեր հիմնահարցեր, դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, դատարանում ելույթների ներկայացման էթիկայի կանոնները:
Դատավորն իր խոսքում անդրադարձել է նաև գործերի մակագրման էլեկտրոնային եղանակին, ներկայացրել այն կարգավորող իրավական ակտերը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումները:
Ուսանողները հետաքրքրվել են օրենսդրական կոնկրետ նորմերի պրակտիկ կիրառման ընթացակարգերով և դատական իշխանության բարեփոխումներով:
Դատավորը ԵՊՀ ուսանողներին տվել է գործնական խորհուրդներ, դատական իշխանության առկա խնդիրների լուծման հարցում՝ կարևորել էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ուղղությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռնարկված գործուն քայլերը և առանձին գործերի այընտրանքային եղանակով քննության անհրաժեշտությունը, ընդգծելով, որ դրանք էապես թեթևացնելու են դատարանների ծանրաբեռնվածությունը:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն