Գործադիրը հաստատել է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները: Ըստ հիմնավորման՝ նորացված չափորոշիչները կնպաստեն կանոնակարգված քաղաքականության իրականացմանը, մասնավորապես՝ նախադպրոցական և հանրակրթական կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատմանը: Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն է: Այն ներառում է, մասնավորապես, ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները, երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը, երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը: Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը, հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը: Ըստ չափորոշչի, մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշմամբ արձանագրվում է՝ նախակրթությունը կրթության բաղկացուցիչ մասն է կազմում. «Նախակրթությունը պետք է ապահովի երեխայի սահուն մուտքը դեպի հանրակրթական համակարգ: Երեխան մանկապարտեզում գտնվելու ընթացքում պետք է ստանա կոնկրետ գիտելիք, հմտություններ, և այս չափորոշիչով սահմանվում է, թե ինչպիսին պետք է լինեն դրանք»:

Վարչապետի պաշտոնակատարն այդ համատեքստում ընդգծել է դաստիարակների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման կարևորությունը. «Ինչպես պայմանավորվել ենք՝ պետք է լուծենք նաև այդ հարցը: Պետք է մանկապարտեզների և նախակրթարաննների ուսուցիչ-դաստիարակների համար ապահովենք որոշակի ստանդարտներ՝ ատեստացիաների միջոցով փոխկապակցվածություն ստեղծելով աշխատավարձերի բարձրացման հետ: Ըստ այդմ՝ պետք է ապահովել, որ երեխաները մանկապարտեզներում, նախակրթարաններում, ինչպես նաև դպրոցումներում ստանան պատշաճ կրթություն՝ որակյալ մասնագետների կողմից մատուցված»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև չափորոշիչների կիրառման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը և նշել, որ պետական կառավարման իրավասու մարմինները որոշակի լիազորություններ ունեն այն իրականացնելու:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը: Իրավական ակտի ընդունումը կնպաստի, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների մատուցման որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության ձևավորմանը:

13 Մայիս, 2021 14:45
129
; ;