Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե փորձենք ընդհանուր առմամբ խոսել 2027 թվականի պետական բյուջեի առանձնահատկություններից, ապա առաջինը, թերևս, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն է, որը կունենա 0,6 տոկոսային կետով բարելավում: Կապիտալ ծախսերը կլինեն ՀՆԱ-ի 5,7 տոկոսի սահմաններում, պետական բյուջեի դեֆիցիտը կլինի 3,4 տոկոս՝ 2026 թվականի պլանավորված 4,5 տոկոսի համեմատ, պետական պարտքը կկայունանա 47 տոկոսի շրջանակում, իսկ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը կլինի 6 տոկոսի սահմաններում։ Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
Նախարարը զեկույցում անդրադարձել է պետական բյուջեի ընդհանուր ցուցանիշներին, ընթացիկ տնտեսական զարգացումներին, մակրոտնտեսական կանխատեսումներին և հարկաբյուջետային շրջանակին։
Մասնավորապես, նշվել է, որ 2029 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25,7 տոկոսի, կապիտալ ծախսերը կհասնեն 5,9 տոկոսի, Կառավարության պարտքը կնվազի 46,4 տոկոս, իսկ դեֆիցիտը կլինի 2 տոկոսից ցածր։
Նախարարն անդրադարձել է աշխարհում տնտեսական զարգացումներին՝ նշելով․ «ԱՄՆ-ում և եվրագոտում կայունացման որոշակի միտումներ են դիտվում, Չինաստանում շարունակվում է ներքին թույլ պահանջարկը, որը զսպում է տնտեսական զարգացումը, ՌԴ-ում ներքին պահանջարկի որոշակի ակտիվություն է դիտվել վերջին ամիսներին։ Գնաճային ճնշումները շարունակվում են Ռուսաստանում, քաղաքականության տոկոսադրույքը պահպանվել է 14 տոկոս մակարդակում։ Հատկանշական է, որ հունվար-օգոստոս ամիսներին բյուջեի դեֆիցիտը հասել է 2,5 տոկոսի՝ նախորդ տարվա 1,8 տոկոսի համեմատությամբ։ Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածության ֆոնին գնաճային ճնշումները պահպանվում են ԱՄՆ-ում և եվրագոտում»։ Նախարարը ներկայացրել է նաև այլ տվյալներ։
Վահե Հովհաննիսյանի խոսքով հարկային եկամուտների մակարդակը 2027 թվականին նախատեսվում է 3 տրիլիոն 463 մլրդ դրամ։ Կապիտալ ծախսերը գալիք տարում կկազմեն 761 մլրդ դրամ, և 2029 թվականին կհասնեն գրեթե 1 տրիլիոն դրամի՝ կազմելով 957 մլրդ դրամ։ Կապիտալ ծախսերի 44 տոկոսն ուղղվելու է Պաշտպանության նախարարության կարիքների բավարարմանը։
Աշխատանքի և բարեկեցության նախարարության բյուջեն պլանավորվել է 1 տրիլիոն 84 մլրդ դրամի չափով, ծախսերի աճ է իրականանում 9,2 տոկոսով, և ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն 8 տոկոս։
Առողջապահության նախարարության մասով ծախսերն առաջիկա տարիներին կլինեն մոտ 350 մլրդ դրամի սահմաններում։ 2026 թվականի նկատմամբ էական՝ մոտ 63,9 տոկոս աճ կա, ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն 2,6 տոկոս։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասով ևս շարունակական աճ կա, և 2027 թվականին ՀՆԱ-ում 3,2 տոկոսի փոխարեն 2029 թվականին նպատակ կա այն հասցնել 3,9 տոկոսի։ 2026 թվականի համեմատ ծախսերն այստեղ աճել են 3,8 տոկոսով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում առկա է 11,6 տոկոսով ծախսերի աճ՝ 2026 թվականի նկատմամբ, և 2027 թվականին այդ ծախսերը կգտնվեն ՀՆԱ-ի 2,7 տոկոս մակարդակում՝ կազմելով է 362 մլրդ դրամ։
Վահե Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ 2027 թվականին պետական բյուջեի եկամուտները 2026 թվականի համեմատ աճելու են մոտ 500 մլրդ դրամով։
Ընդհանուր ծախսերը 2027 թվականին կկազմեն 4 տրիլիոն 72 մլրդ դրամ, ընթացիկ ծախսերը՝ 3 տրիլիոն 311 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը՝ 771 մլրդ դրամ։
Նախարարը պատասխանում է պատգամավորների բազմաբնույթ հարցերին։