Պետական եկամուտների կոմիտեն  բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունները չվճարելու հերթական դեպքը, այս անգամ՝ գազալցավորման ծառայությունների մատուցման ոլորտում:

ՊԵԿ քննչական վարչությունում հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը առանձնապես խոշոր չափերով չվճարելու և կանխամտածված սնանկության հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքում գազալցավորման գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտը, առանձնապես խոշոր չափով՝ ավելի քան 37 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին չի ներկայացրել եկամտային հարկի և սոցիալական վճարի, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները: Հետագայում տնտեսվարողի կողմից կանխամտածված ստեղծվել են նաև անվճարունակության հատկանիշներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Կազմակերպությունը դեռևս 2019 թ. ՀՀ սնանկության դատարանի վճռով ճանաչվել էր սնանկ, ապա սկսվել էր լուծարման վարույթ:

Արդյունքում՝ 2020 թ. կազմակերպության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրվել է մեղադրանք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո ընկերության տնօրենը կրկին շարունակել է զբաղվել գազալցավորման գործունեությամբ՝ առանց իրացումների գծով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու: Ավելին՝ ընկերության գործունեությունը կասեցնելուն ուղղված նախաքննական մարմնի օրինական գործողությունների դեմ կազմակերպության տնօրենը ներկայացրել է գրավոր առարկություններ: 

Որոշման հիման վրա ՊԵԿ քննչական ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները, համապատասխան մասնագետի օգնությամբ ապամոնտաժել են Գյումրի քաղաքում ապօրինի գործունեություն իրականացնող գազալցակայանի՝ բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման երկփողանի բաշխիչ աշտարակները, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույցներ և տեղափոխվել այլ տարածք: 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները տնտեսվարող սուբյեկտի կողմից պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու ուղղությամբ:

14 Մայիս, 2021 11:32
401
; ;