ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 28-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. ծրագրով սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ։ Ծրագրով հանրակրթության ոլորտում սահմանված նպատակներից են՝ դպրոցական կառավարման բարելավված համակարգի ներդրումը և հանրապետության բոլոր մարզերում ու Երևան քաղաքում մինչև 2023 թվականը համընդհանուր ներառականության անցումը: Որպես նպատակ է սահմանվել նաև 12-ամյա կրթությանը նոր բովանդակություն հաղորդելը՝ չափորոշիչների, ուսումնական պլանի ու առարկայական ծրագրերի և ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների ու օտար լեզուների բովանդակության և դասավանդման մոտեցումների վերանայման միջոցով:

Օրենսդրական փաթեթի նախագիծն առնչվում է հետևյալ ոլորտներին՝ ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրում, հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրում, ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցում, ինչպես նաև հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրում:

Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացում

Նախագծով առաջարկվում է ներդնել ուսուցչի մասնագիտական ստանդարտ հասկացությունը՝ որպես նրա գիտելիքների, գործունեության, պատասխանատվության և վարքագծի բնութագիր։ Միաժամանակ որակավորման տարակարգ հասկացության սահմանումը խմբագրվում է՝ այն փոխկապակցելով մասնագիտական ստանդարտին։ Կրթության կառավարման լիազոր մարմնի լիազորությունների շարքում ամրագրվում է մասնագիտական ստանդարտների հաստատման լիազորությունը։

Վերանայվում են նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես՝ տարակարգերի շնորհման պարագայում համաչափության պահանջը, ըստ որի՝ հաջորդ տարակարգին դիմելու համար սահմանված են որոշակի հերթականություն և ժամանակահատված, ինչը հնարավոր չի դարձնում տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին դիմել միանգամից այդ տարակարգի համար՝ պարտադիր դարձնելով անցումը բոլոր նախորդ աստիճաններով: Այն նաև հնարավոր չի դարձնում համապատասխանելու դեպքում առավել վաղ ժամկետում դիմել հաջորդ աստիճանի տարակարգի համար։ Հետևաբար, հանդիսանալով համակարգում ուսուցիչների մասնագիտական զարգացման և առաջխաղացման հիմնական գործիքներից մեկը՝ նշված կարգավորումը, սակայն, տարակարգերի շնորհման մեխանիզմին թույլ չի տալիս իրապես խրախուսող և խթանող դեր խաղալ։ Նշված համատեքստում դիտարկվող խնդիր է նաև այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանվելը։ Հաշվի առնելով, որ տարակարգը բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները, ուսումնական հաստատության փոփոխությունը չի կարող համարվել բավարար հիմք՝ ուսուցչի բնութագրի վերանայման համար։

Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված համակարգի ամբողջական բարեփոխման համար վերանայվել են նաև ատեստավորման գործընթացին վերաբերող դրույթները, մասնավորապես հնարավորություն է տրվել ատեստավորում իրականացնել թե՛ պարզ, թե՛ բարդ ընթացակարգերով՝ հաշվի առնելով, որ տարբեր մասնագիտական ստանդարտների համապատասխանող ուսուցիչների համար կարող են գործել ատեստավորման տարբեր ընթացակարգեր, այդ թվում՝ բարդ ընթացակարգով ատեստավորումներ՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգմանը։

Հանրակրթության կառավարում

Տնօրենների հավաստագրման գործընթացում առաջարկվում է տարբերակում կիրառել հավաստագրման ընթացիկ մեխանիզմում՝ ներդնելով ատեստավորման ընթացակարգ։ Սա թույլ կտա տարբերակված մոտեցում կիրառել արդեն իսկ գործող տնօրենների նկատմամբ, որոնք հավաստագրի երկարացման համար ներկայում անցնում են ամբողջությամբ նույն ընթացակարգով, ինչպես նաև գործադրել նվազ վարչարարություն և ռեսուրս պահանջող գործիքակազմ՝ ատեստավորման միջոցով։

Միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն անընդմեջ պաշտոնավարելու ժամկետն առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթանել կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիան, ինչպես նաև հնարավոր կլինի խուսափել այն դեպքերից, երբ տնօրենի պաշտոնավարման՝ գործնականում անսահմանափակ ժամանակը բացասական երևույթների հիմք է դառնում։ Պաշտոնավարման ընթացքում տնօրենը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում, որի արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացությունը հիմք է՝ տնօրենի պաշտոնավարության դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացության դեպքում տվյալ անձն ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին կարող է մասնակցել միայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով նորից դիմելու և նորից հավաստագիր ստանալու դեպքում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացության դեպքում տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կարող է երկարացվել 3 տարով, բայց ոչ ավելի, քան 10 տարի անընդմեջ նույն պետական ուսումնական հաստատությունում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացություն ստացած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։ Այս ընթացակարգը թույլ կտա նվազեցնել վարչարարությունը, գործող տնօրենների նկատմամբ կիրառել առավել արդյունավետ և նրանց փորձառությունը հաշվի առնող քաղաքականություն՝ միաժամանակ այն հավասարակշռելով ընդհանուր ժամկետային սահմանափակման դրույթներով, որոնք կարող են հանրակրթության ոլորտում լավ փորձի տարածման և զարգացման հիմք դառնալ։

Կարևոր փոփոխություն է նաև հավաստագրումից առաջ պարտադիր վերապատրաստման սկզբունքի վերանայումը, որի արդյունքում վերապատրաստումը կամավոր է։ Ըստ այդմ՝ հավաստագիր ստանալ ցանկացող անձն ինքը պետք է որոշի՝ վերապատրաստվե՞լ, թե՞ ինքնուրույն պատրաստվել քննություններին։

Մյուս փոփոխությունն է հաստատության զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառելիության արդյունավետության օգտագործման և հաստատության ռազմավարական զարգացման նպատակով դրա կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների ու պարբերականության ամրագրումը, ինչպես նաև դրա կատարման արդյունքներով տնօրենին անվստահություն հայտնելու լիազորության վերապահումը հաստատության կառավարման խորհրդին։ Սա թույլ կտա բարձրացնել խորհրդի դերակատարությունն ուսումնական հաստատության գործունեության ընթացքում և ամրագրել զարգացման ծրագրի կարևորությունը, որը ներկայում հաճախ կրում է զուտ ձևական պահանջի բնույթ։

Ներառական կրթություն

Առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը՝ ներառելով վարքի և հուզակամային, մշակութային ու լեզվական գործոնները: Նախատեսվող փոփոխություններն ուղղված են նաև ներառական կրթությանը վերաբերող դրույթներում առավելապես կրթական քաղաքականությունն ուղղորդելու և բժշկական մոտեցումներից խուսափելու սկզբունքի հետևողական կիրառմանը։ Առավել ամբողջական մոտեցմանն է ուղղված մյուս փոփոխությունը, ըստ որի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը դիտարկվում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մաս:

Առաջարկվել է նաև հրաժարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող «բարձրացված չափաքանակ» հասկացությունից՝ փոխարենը ներդնելով հետևյալ բովանդակությունը. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթներով»։

Ակնկալվող արդյունք

Ակնկալվում է, որ նշված ուղղություններով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և խրախուսել համակարգի զարգացման հնարավորությունները։

 

16 Մայիս, 2021 19:07
390
; ;