Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցն արդեն ունի նորոգված մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 նոր հանդերձարան, վերանորոգված բուժկետ և ֆիզկուլտուրայի ուսուցչի նորոգված դասասենյակ՝ համապատասխան գույքով:

Մայիսի 7-ին տեղի է ունեցել նորոգված մարզադահլիճի բացման արարողությունը, որին ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և խորհրդի անդամ Լենա Նազարյանը:

Վերանորոգումը նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ։ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության շրջանակներում ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը հանձն էր առել պարգևատրել 1-ին և 2-րդ տեղը զբաղեցնող դպրոցների սովորողներին՝ ներառելով դպրոցները «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրում՝ նպաստելու դպրոցների մարզական կյանքի ակտիվացմանը և խրախուսելու երեխաների ակտիվ մասնակցությունն ու ներդրումը դպրոցի բարեկարգման գործում:

Բացմանը ներկա էին նաև ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման» ծրագրի շահառու՝ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի կամավորները, որոնք դպրոցի սովորողների հետ համար ներկայացրեցին առողջ ապրելակերպի կարևորության թեման։ Նոր մարզադահլիճում բասկետբոլի ընկերական խաղ տեղի ունեցավ կամավորների և Վանաձորի թիվ 25 դպրոցի երեխաների միջև:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամին» վերանորոգումը ֆինանսավորելու համար:

* «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրն առաջիկայում զարգացնելու է ձեռքբերումները՝ նորոգված պիլոտային դպրոցների համայնքներում աշխատելով առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ։ Ծրագրում նոր դպրոցների ներառում առայժմ չի նախատեսվում:

 

19 Մայիս, 2021 16:17
164
; ;