
Ռուսաստանում ադրբեջանական շահերի ամենաակնհայտ լոբբիստներից մեկը՝ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը, որն ավելի վաղ մեղադրում էր հայերին Շուշիում «ռուսական եկեղեցին գրավելու» մեջ եւ գովում էր ադրբեջանցիներին հայկական տարածքները «ազատագրելու» համար, հարցն ավելի խոր ուսումնասիրելուց հետո ներողություն խնդրեց հայկական կողմից, հայտնում է infoteka24.ru-ն:
Արցախյան հողում հայ-ռուսական հարաբերություններն ավելի խոր ուսումնասիրելու հարցում ռուս ժողովրդական ընտրյալին որոշել է օգնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կից Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով կոմիտեի նախագահ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը:
Ժուրավլյովի անտանելի գրառումից անմիջապես հետո, որտեղ նա Հայաստանը համեմատում էր Ուկրաինայի հետ, հոգեւորականը նրան նամակ է գրել՝ բացատրելով Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պատկանելությունը: Հենց վերջինս էլ գրավեց պատգամավորի ուշադրությունը։
Արդյունքում, Ալեքսեյ Ժուրավլյովը պատասխանեց արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանին՝ խոստովանելով, որ իր տրամադրության տակ եղած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաեւ ափսոսանք հայտնեց եւ ներողություն խնդրեց արված հայտարարությունների համար: Բացի այդ, պատգամավորը խոստովանեց, որ Շուշիի միակ ռուսական ուղղափառ եկեղեցին գտնվում էր այլ վայրում: