Ցավոք, ապատեղեկատվությունը լրահոսի անբաժանելի մասն է դարձել: Անցնող շաբաթն էլ ստահոդ տեղեկություններով հետ չմնաց նախորդներից:

 Araratnews.am լրատվականն այս անգամ էլ հետևել ու առանձնացրել է անցնող շաբաթվա ընթացքում աչքի ընկած ստերը`գտնելով հակափաստարկներ, որպեսզի ընթերցողին ներկայացնի հավաստի տեղեկատվություն:

Եվ այսպես, անցնող շաբաթվա ստերից առանձնացրել ենք հետևյալները` Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր հուլիսի 21-ին հակառակորդը երկու հայկական ԱԹՍ է խոցել: Հարևան երկրի միապետը հանդես էր եկել  հերթական հայտարարությամբ, թե իբր հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ընթացքում հայկական կողմը օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից: Անդրադարձել ենք շրջանառվող այն լուրերին, թե իբր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խնջույք է տեղի ունեցել, ինչպես նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, թե իբր իշխանությունը, երկրում արտակարգ դրությունով պայմանավորված, պետք է դիմակ բաժանի ժողովրդին: 

#սուտ

Հուլիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը գիշերը փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ըստ տեղեկության՝ ադրբեջանական ՀՕՊ ստորաբաժանումները երկու ԱԹՍ-ներն էլ անհապաղ հայտնաբերել և ոչնչացրել են։

#ճիշտ

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ տարածված լուրը կեղծ է։ Եթե այդպիսի դեպք լիներ, առաջինը ՀՀ ԶՈՒ-ն կհայտներ այդ մասին։ 

#սուտ

Ադրբեջանի միապետ Իլհամ Ալիեւը հայկական կողմի հասցրած վնասներից հետո հանդես էր եկել հայտարարությամբ, թե, իբր, երբ Հայաստանին հասցրին կործանիչ հարված, մենք իսկույն ևեթ վազեցինք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու, եզրափակելով՝ նաև ասել էր՝ կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի:

#ճիշտ

Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր այս հայտարարությանը, որտեղ մասնավորապես ասել էր. «Դե ինչ, երևի տեղն է թարմացնելու հարևան երկրի միապետի հիշողությունը: Հատուկ նրա համար ասեմ, որ մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու մեծ մարտադաշտում: Խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատերազմի, որում հենց ադրբեջանական կողմն է օգտվել թուրքական, չեչենական, աֆղանական և ուկրաինական վարձկանների ծառայություններից, բայց, ինչպես ինքը կասեր, ջախջախիչ հարված ստանալով՝ հետ է շպրտվել:

...Իսկ ինչ վերաբերում է հայերի կողմից «ՀԱՊԿ-ից պաշպանություն խնդրելու» մասին քո բարբաջանքին, ապա ամենից լավը դու գիտես, որ դրա անհրաժեշտությունը չկար ու չէր կարող լինել, քանի որ մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել...»,- գրել էր Հասրաթյանը:

#սուտ

Լուրեր էին շրջանառվում այն մասին, թե իբր ՀՀ ոստինակապետն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ խնջույք են արել ռեստորաններից մեկում, այն դեպքում, երբ իրենք անընդհատ հանրությանը հորդորում են պահպանել պարետատան կանոնները:

#ճիշտ

Այս առնչությամբ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան ասել է, որ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ  խնջույք տեղի չի ունեցել` եղել է պաշտոնական ընթրիք։ Ջանոյանը տեղեկացրել է, որ ընթրիքի ընթացքում պահպանվել է համակեցության բոլոր կանոնները:

#սուտ

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր հերթական լայվի ժամանակ ասել է, թե իբր կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելուց և դիմակ կրելը պարտադիր դարձնելուց հետո պետք է ժողովրդին դիմակներ տրամադրեր, քանի որ օրենքն այդպիսին է:

#ճիշտ

Բնականաբար, օրենքով ամրագրված չէ, որ արտակարգ դրության ժամանակ, եթե պարետատունը որոշել է, որ  պարտադիր է դիմակ կրելը, ուրեմն կառավարությունը պետք է մարդկանց տրամադրի դիմակներ:

Թեև օրենքը նման բան չի պարտադրում, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներն ու մարզպետները նմանօրինակ ակցիա կազմակերպեցին և մարդկանց փողոցներում դիմակներ բաժանեցին:

Հիշեցնենք, որ գործադիրը կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո, շուրջ 22 ծրագիր է ներկայացրել, որոնցով փորձել է չեզոքացնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները:

Այսպիսին էին անցնող շաբաթվա ստերը: Arartnews.am-ը շարունակելու է հետևել և լրահոսում պտտվող ստահոդ տեղեկատվությունը ներկայացնել ընթերցողներին: Առողջ եղեք...

Հայկ Մագոյան

271651