Քոչարյանի ցուցակում «քաղաքացի Կորեյկոների» պակաս չկա․ որոնք անհայտ ծագման դոլարային միլիոնատերեր են։ Արդեն հրապարակել ենք նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ահռելի և անհայտ ծագման հարստության մասին։

«Հայաստան» դաշինքով արտահերթ ընտրություններին մասնակցող, Ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը ԿԸՀ է ներկայացրել հայտարարագիր: Ըստ այդ հայտարարագրի ոստիկանության նախկին աշխատակիցը իսկական «քաղաքացի Կորեյկո» է․ բացի 3 անշարժ գույքից (որից մեկն ավտոտնակն է) և 2 ավտոմեքենայից, հայտարարագրել է նաև 250 մլն դրամ, 750 հազար դոլար և 150 հազար եվրո: Ընդ որում, նա գործազուրկ է և Շիրինյանի կենսաթոշակը վերջին մեկ տարում կազմել է 1 մլն 716 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանը հասարակությանը առավել հայտնի դարձավ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, երբ Ոստիկանության լրատվության վարչության պետն էր և ամեն կերպ փորձում էր կոծկել ոստիկանության վայրագությունները, բռնարարքները և հանցագործությունները թե՛ 2008թ․ մարտի 1-ին, թե՛ դրանից հետո տեղի ունեցող ցույցերի ժամանակ։ 

Սայաթ Շիրինյանը մասնագիտությամբ իրավագետ է, երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում, եղել է կրտսեր լեյտենանտ, տարիներ անց՝ նաև գնդապետ,  որից հետո էլ` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ:

Շիրինյանը ոստիկանության համակարգից հեռացել էր դեռևս 2014թ. և նշանակվել որպես ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտորի տեղակալ: Իսկ 2015թ. հեռացել էր նաև այս պաշտոնից: 

Civic.am-ը փորձեց կապ հաստատել ոստիկանության նախկին պաշտոնյայի հետ` տեղեկանալու, թե ինչպե՞ս է կարողացել պետական ապարատում աշխատելով դոլարային միլիոնատեր դարձել, այն դեպքում, երբ վերջին տարիների միակ եկամուտը կենսաթոշակի ամսական մոտ 145 հազար դրամ եկամուտն է։ Սակայն պարոն Շիրինյանը մեր զանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանին 2020թ. դեկտեմբերին մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար: Նախկին ոստիկան Շիրինյանը, մասնավորապես, արյունահեղության կոչ էր արել: 

«Եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,– գրել էր ՀՓՇ-ին միացած Շիրինյանը։

Գրառում կատարելու դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ, և Շիրինյանը ձերբակալվել էր։ Դեկտեմբերի 25-ին դատարանը նրա ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել։

Ըստ ՔԿ-ի` ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):  

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը մեզ տեղեկացրեց, որ շուրջ 6 ամիս քննվող գործով Շիրինյանը դեռևս շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ, նախաքննությունը շարունակվում է: 

2587