
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները հունիսի 19-ին մասնակցել են Երևանում «Մայր Հայաստան» համալիրի մոտ ծաղիկների զետեղման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանի մոտ։
Այնուհետև դիտորները մի քանի հանդիպումներ կունենան Ազգային ժողովում: Դիտորդական խումբը քննարկումներ կանցկացնի խորհրդարանի ղեկավարության հետ, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ներկայացուցիչների հետ:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրենց աշխատանքները կշարունակեն հունիսի 20-ին՝ քվեարկության օրը: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է նրանց հանդիպումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ: ԱՊՀ դիտորդներն ամփոփիչ ասուլիսով հանդես կգան հունիսի 21-ին:
ԱՊՀ դիտորդները Հայաստանում առաքելություն կիրականացնեն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով: