Հունիսի 15-ին հանրապետությում անցկացված «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննության նախնական արդյունքները այսօր արդեն հայտնի են դարձել, սակայն քննության օրվանից սկսած մինչ օրս՝ թեստերի մեջ եղած մեկ հարցադրման վերաբերյալ քննարկումները եւ դժգոհությունները դեռ շարունակվում են մասնագետների եւ դիմորդների կողմից։ Խոսքը վերաբերում է պնդումների փնջի 70-րդ վարժության մեկ հարցի։

Մասնագետները ֆեյսբուքյան տարբեր խմբերում իրենց բողոքն էին ներկայացնում գոյականների առման կարգին վերաբերող հարցի մասին`նշելով, որ երկակի պատասխան ունի վարժությունը, եւ այդ պատճառով առաջին եւ երրորդ տարբերակը գրող դիմորդներն անիմաստ կորցրել են կես միավոր։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնն այս հարցի վերաբերյալ հայտարարությամբ նշել է.

«Ի գիտություն Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից միասնական քննություն հանձնած դիմորդների 2021 թ. հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննության 1-ին թեստի 70/5 և 3-րդ թեստի 70/6 առաջադրանքների պատասխանները սկզբնապես հրապարակվել են վրիպակով, ապա տրվել է ուղղում: Մասնագիտական առումով ճիշտ պատասխանը ուղղվածն է: Սակայն շտեմարանում առկա է բովանդակային առումով տվյալ պնդմանը համարժեք պնդում ՝ հակառակ պատասխանով, ինչը կարող էր շփոթության մեջ գցել դիմորդին: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ հարցը կներկայացվի բողոքարկման հանձնաժողովին՝ դիմորդին տրվող միավորի վերանայման համար»։

Բողոքարկման արդյունքները կհրապարակվեն հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում:

21 Հունիս, 2021 22:39
202
; ;