Հունիսի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի 21 և 22 տարեկան երկու բնակչի։

Նրանք Էջմիածնի շենքերից մեկի բակում կոտրել էին «Օպել» մակնիշի մեքենայի պատուհանը և փորձել գողություն անել, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել. ոստիկանները նրանց նկատել էին, հետապնդել ու բռնել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածները հունիսի 21-ին, ժամը 1.30-ի սահմաններում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում «Մերսեդես» մակնիշի մի մեքենայից համարանիշներ էին գողացել։ Անձնական խուզարկությամբ 22-ամյա երիտասարդի պայուսակից գողոնը հայտնաբերվել է։

Պարզվել է նաև, որ նրանք հունիսին Արաբկիր վարչական շրջանում կայանված երկու մեքենաներից ևս համարանիշներ էին գողացել: Օրեր անց Էրեբունի վարչական շրջանի տարածքում կայանված երեք մեքենաների համարանիշներն էին գողացել: Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

24 Հունիս, 2021 09:56
273
; ;