ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է հունիսի 26-ից և կավարտվի  հուլիսի 1-ին:

Երկրորդ փուլով ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները: Հիշեցնենք` հայտագրումը կատարվում է մեկ բուհի մեկ մասնագիտություն սկզբունքով` dimord.am կայքում առցանց հայտ լրացնելու տարբերակով:

Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ այս փուլի ընդունելությանը կարող են մասնակցել նաև այն դիմորդները, ովքեր միասնական քննությունների 1-ին փուլում բացակայել են քննություններից կամ հիվանդության պատճառով ընդհատել են այն: Նշված դիմորդները, եթե ցանկանում են 2-րդ փուլում հանձնել նույն առարկաների քննությունները, ապա պետք է մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 17։00-ն, դիմեն «Գնահատման և թեստավորման կենտրոն»` [email protected] էլ. փոստին գրելով դիմում։

Դիմումում պետք է նշել՝

  1. դիմորդի անունը, հայրանունը, ազգանունը,
  2. ԳԹԿ անձնական համարը,
  3. այն քննական կենտրոնը, որտեղ 1-ին փուլում պետք է հանձներ քննությունները կամ ընդհատած քննության կենտրոնը,
  4. չմասնակցած միասնական քննության առարկան և կցել քննության մասնակցության համար վճարման (յուրաքանչյուր միասնական քննության համար 1500 դրամ) անդորրագրի լուսանկարը։

Երկրորդ փուլով ընդունելության միասնական, կենտրոնացված քննությունների ավարտից հետո տեղի կունենա հիմնական փուլի մրցույթի ամփոփումը` բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) համար:

Հիմնական փուլի մրցույթի արդյունքների հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ փուլի հայտագրմանը: Լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրել վճարովի և անվճար համակարգերով մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:

 

1393